Friday, February 24, 2012

Խորհրդանշական հետկանչ

«Լրագիր» 23-2-2012- Արտակարգ իրավիճակի իրավական հիմքերի մասին օրինագծի հետկանչը բավական խորհրդանշական է: Ընդ որում, ոչ այն իմաստով, որ հազվադեպ է պատահում, երբ իշխանությունն ընդունում է իր բացթողումը եւ տեղի տալիս հանրային քննադատությանն ու մտահոգություններին: Այդ իմաստով էլ իհարկե պակաս խորհրդանշական չէ եւ իսկապես լավ է, որ կարեւորագույն այդ օրինագծի հարցում կառավարությունը չառաջնորդվեց «հայտնի կենդանու համառությամբ», ինչի մասին սիրում է հաճախ հիշատակել իշխող մեծամասնության հայտնի դեմքերից մեկը: Խորհրդանշականությունն այստեղ ունի նաեւ այլ ասպեկտ: Խոսքն այն մասին է, որ օրինագծի հետկանչը վկայում է դրա հեղինակների մեղմ ասած ոչ կոմպետենտության մասին: Բանն այն է, որ այն դիտողությունները, որոնք օրինագծի անկատարության մասին հնչեցին հանրային տարբեր շրջանակներից, այնքան ակնառու էին, այնքան պարզորոշ, որ օրինագծի հեղինակները դրանք պետք է տեսնեին հենց օրենքը գրելիս եւ օրենքի նախագիծը շատ ավելի լավ վիճակում պետք է ներկայացնեին խորհրդարանին եւ հասարակությանը: Այսինքն, օրինագծի բացթողումները պարզ էին նույնիսկ ոչ իրավաբանների համար, այն դեպքում, երբ դրա հեղինակները պետք է որ իրավաբաններ լինեն, եւ այն էլ փորձառու իրավաբաններ, որովհետեւ հազիվ թե նպատակահարմար լինի իրավաբանական պրակտիկա անցնող ստաժորներին հանձնարարել պետության համար կարեւորագույն նախագծի մշակումը: Ուրեմն, ինչու է կառավարությունից դուրս եկել այնքան անկատար մի օրինագիծ, որի քննադատության առաջին իսկ ալիքից հետո կառավարությունը ստիպված եղավ այն հետ կանչել, թերեւս հասկանալով, որ անկատարության մասին փաստարկներին հակադրվելը բացարձակապես անիմաստ է եւ թերեւս կլինի ոչ պակաս շրջահայաց, քան Տարոն Մարգարյանի հակադրությունը Մաշտոցի պուրակի պահպանության շարժմանը: Ընդ որում, կառավարության օրինագծերի մասնագիտական մակարդակի խնդիրը կարծես թե նախկինում էլ դրսեւորվել է տարբեր այլ նախագծերի պարագայում, երբ դրանք նույնիսկ ընունվել են վերջնականապես, իսկ հետո կառավարությունն է ստիպված եղել ընդունել, որ այդ օրենքները թերի են եղել: Մասնավորապես բավական վառ օրինակ էր հղիության նպաստների մասին օրինագիծը, երբ այն խորհրդարանում ընդունվեց, թեեւ բազմաթիվ փորձագետներ քննադատում էին անկատարության եւ անտրամաբանականության համար, իսկ հետո կառավարությունը ստիպված եղավ ընդունել, որ օրենքը թերի է եւ պետք է նորից փոփոխության ենթարկվի: Ահա այդ, կառավարության օրինագծերի հեղինակների կոմպետենտության մակարդակի առումով, արտակարգ իրավիճակների մասին օրինագծի հետկանչը բավական խորհրդանշական է: Եվ, լրամշակելով օրինագիծը, կառավարությունը թերեւս լավ կանի նաեւ «լրամշակի» իր կադրային բազան եւ այն համալրի մասնագետներով, որոնք օրինագծերը կպատրաստեն շատ ավելի բարձր մակարդակով եւ օրենքը գրելիս, կփորձեն դրա տակ դնել նաեւ պրակտիկ փորձառություն, որը եթե իրենք չունեն, կարող են խորհրդի կարգով փոխ առնել այլ մասնագետներից, եթե իհարկե կա լավ օրենքներ գրելու ցանկություն, ոչ թե ընդամենը հանրությանն օրենքներ պարտադրելու նպատակ: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: