Saturday, February 25, 2012

Իրանի պաշտպանության նախարարն ասել է, թե ինչ-որ մեկը փորձում է «կռվացնել» Թեհրանին և Բաքվին

Tert.am. 24-2-2012- Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է, թե որոշ երկրներ չեն ցանկանում, որպեսզի Իրանն իր հարևանների հետ բարեկամական հարաբերություններ ունենա, և փորձում են փչացնել այդ հարաբերությունները: Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Վահիդին նման հայտարարությամբ հանդես է եկել մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած սեմինարի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանում ահաբեկությունների կազմակերպման մեջ մեղադրվող իրանցի քաղաքացիների ձերբակալությանը: Վահիդին հավելել է, թե ինքը հուսով է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք կչեզոքացնեն «Իրանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերությունները փչացնել փորձող որոշ խմբավորումների խորամանկ քայլերը»: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հաղորդում է, որ Վահիդիի այս հայտարարությունը Թեհրանի առաջին արձագանքն է 2009թ. Իրանի, Ադրբեջանի և Լիբանանի քաղաքացիներից բաղկացած ահաբեկչական խմբավորման չեզոքացման մասին պատմող ադրբեջանական հեռուսատընկերությունների ռեպորտաժին: Հաղորդվում է, որ այդ խմբավորումն առաջադրանք էր ստացել ահաբեկություն իրականացնել Բաքվում Իսրայելի դեսպանատան մոտ: Խմբավորման անդամները վերջին պահին ձերբակալվել էին: Հավելենք միայն, որ վերջին շրջանում իրանա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում. օրեր առաջ պաշտոնական Թեհրանը բողոքի նոտա հղեց Բաքվին` ադրբեջանական կողմին իսրայելական հատուկ ծառայություններին աջակցելու և իրանցի ֆիզիկոս միջուկագետների սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրելով: Իսկ Բաքուն փետրվարի 21-ին հայտարարեց, թե Ադրբեջանի տարածքում իրանական հատուկ ծառայությունների «հրահանգով» գործող ահաբեկչական խմբավորումներ է վնասազերծել:

No comments: