Tuesday, February 28, 2012

Հակահայ ցույցի մասնակիցները փորձել են հարձակվել «Ակօսի» խմբագրատան վրա

HayNews.am. 27-2-2012- Ինչպես Ստամբուլից տեղեկացնում է HayNews.am-ի աղբյուրը, երեկվա հակահայ ցույցի հետևանքով որոշակի լարվածություն է նկատվել ոչ միայն պոլսահայ համայնքի ներսում, այլ նաև այն մարդկանց շրջանում, որոնք բարձրացրել են «Բոլորս հայ ենք» պաստառները: Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում ազգայնական և իսլամիստական շրջանակների մասնակցությամբ և թուրքական պետության աջակցությամբ բազմահազարանոց ցույց էր եղել, որում իբրև թե հարգել էին այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» «զոհերին»: Ցույցն ուղեկցվել էր հայատյացության մեծ ալիքով: Եվ ինչպես տեղեկացնում են Ստամբուլից, քաղաքացիներից շատերը, ականատես լինելով ստեղծված դրությանը, կարծել են, թե ցույցը կարող է վերածվել 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի դեպքերի կրկնությանը: Շուրջ 57 տարի առաջ ազգայնամոլ թուրք ամբոխը սկսեց Ստամբուլի հույների և հայերի կոտորածներն ու նրանց ունեցվածքի ոչնչացումն ու հափշտակումը: Հայտնի է դարձել, որ երեկ ցույցին մասնակցող ծայրահեղ տրամադրված երիտասարդների մի խումբ փորձել է հարձակվել «Ակօս» հայկական շաբաթաթերթի խմբագրատան վրա, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել դեպքերի հետագա զարգացումը: Որոշակի տագնապ է նկատվել նաև ձախակողմյան հայացքներ ունեցող թուրքերի շրջանում. նրանց մի մասը «Բոլորս հայ ենք» ակցիայի ակտիվ մասնակիցներից են: Վերջիններս զգացել են, որ Ստամբուլում կարող են սկիզբ առնել ազգայնամոլների զանգվածային անկարգություններ, որոնց ժամանակ կվտանգվի ոչ միայն տեղաբնակ հայերի, այլ նաև իրենց կյանքը:

No comments: