Tuesday, October 23, 2012

Թուրքիան Սիրիայում հարձակվողական գործողությունների է ձգտում, սակայն ոչ լայնամասշտաբ. թուրքագետ

Tert.am. 23-10-2012- Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Թուրքիան Սիրիայում հարձակվողական գործողությունների է ձգտում, սակայն ոչ լայնամասշտաբ: «Թուրքիան պատրաստվում է նախապայմանների, և այդ նախապատրաստվելը ներառում է Թուրքիայի տարածքի ռմբակոծումները Սիրիայի տարածքից, և որպեսզի դա թուրք հասարակությանը ներկայացնի, թե նրանց վտանգ է սպառնում »,- ասաց նա: Թուրքագետը նշեց, որ Թուրքիայի գերագույն նպատակը Ասադի ռեժիմի տապալումն է, իսկ դա փորձում է իրականացնել Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելով: Ըստ նրա, թուրքական նախաձեռնությունները, ոչ այնքան Արևմուտքի թելադրանքով են, այլ իրենց իսկ շահերից ելնելով: «Թուրքիան փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել, առաջին հերթին հաշվարկելով ներքին շահերը և հետո նոր Արևմուտքի ընդհանուր շահերը»,- ասաց նա և նշեց, որ Թուրքիայի համար կարևոր է Ասադի վարչակարգի տապալումը, քրդական գործոնի թուլացումը, ինչպես նաև տարածաշրջանում գերակա դիրք գրավելը, և դրանից հետո միայն Արևմուտքի ծրագրերին աջակցելը։ «Նա դեռևս նպատակ չունի լայնածավալ ռազմական գործողությունների անցնելու, նաև այդ հարձակումները առայժմ չեն սպասվում: Կլինեն ավելի ուշ, երբ հասարական կարծիքը կշեղեն հօգուտ նախաձեռնողական քաղաքականության»,- ասաց նա: Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ըստ հաշվարկների՝ Սիրիայում գործողությունները պետք է ավարտվեին ամռանը, ինչը սակայն չիրականացավ: «Ասադին կոտրելու հաշվարկները չհաջողվեցին, և այս բալանսի պայմաններում, գնահատականները տարբերվում են։ Մինչև նույնիսկ 2 տարի կարող է իրադրությունն այսպես պահպանվել»,- ասաց նա և նշեց, որ Ասադին հաջողվում է պահպանել երկրի կառավարելիությունը՝ շնորհիվ բանակի և վերնախավի: «Բանակը հիմնականում իր կողմն է, վերնախավը նույնպես պառակտված չէ, իսկ հասարակության մեծամասնությունը Ասադին պաշտպանում է: Դա ցույց է տալիս, որ այն տեսակետը, թե քաղաքացիական պատերազմ է՝ սխալ է: Դրանք գաղտնի կազմակերպություններ են՝ ջիհադիստներ, Ալ-Կաիդայի կողմնակիցներ, որոնք էլ գործողություններն իրենց վրա են վերցնում»,- ասաց նա: Թուրքագետը նշեց, որ Հալեպի համար պայքարն ավարտվել է, իսկ ապստամբ ուժերը չունենալով լայնածավալ գործողությունների համար անհրաժեշտ միջոցներ՝ անցել են ահաբեկչական գործողությունների: Խոսելով Ռուսաստանի դիրքորոշումից Սաֆրաստյանը նշեց, որ Ռուսաստանն ու Չինաստանը այդ հարցում հստակ դիրքորոշում ունեն. հարցը պետք է լուծվի ներքին, այլ ոչ արտաքին ուժերի կողմից, և որ Ռուսաստանը թույլ չի տա ռազմական միջամտություն: «Մյուս կողմից սահմանափակել է ռազմական աջակցությունը Սիրիային, փաստ չկա, որ զենք-զինամթերք ուղարկում է, և դա նշանակում է, որ Ռուսաստանն ի տարբերություն Արևմուտքի՝ զգուշավոր քաղաքականություն ունի, իհարկե ռազմական տեսանկյունից, բայց քաղաքական տեսանկյունից բացահայտ է»,- ասաց նա:

No comments: