Thursday, February 2, 2012

Ադրբեջանի երիտասարդությունը չի վստահում Ալիևին

Panorama.am. 2-2-2012- Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ խոչընդոտել են Մտավորականների ֆորումի` «Hilton» հյուրանոցում կազմակերպված հավաքը: «Ազադլիգը» հայտնում է, որ այն տեղի է ունեցել Ռուստամ Իբրահիմբեկովի առանձնատանը և նվիրվել է Ադրբեջանում երիտասարդության խնդիրներին: Հավաքում երիտասարդական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը երիտասարդ ակտիվիստների մեջ անցկացրած հարցումների հիման վրա զեկույց է ներկայացրել, ինչից պարզ է դարձել, որ Ադրբեջանի երիտասարդների 74 տոկոսը չի վստահում երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Հարցին, թե ով կարող է փոխել իրավիճակը, մեծամասնությունը պատասխանել է. «Հենց իրենք` մարդիկ»: Փորձագետ Էրքին Գադիրլին ասել է, որ իշխանության երիտասարդական քաղաքականությունը նրանց իրեն կապելն ու հավատարիմ դարձնելն է, ինչը չի կարող երիտասարդական քաղաքականություն համարվել: Մտավորականների ֆորումը կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը` արձակել իշխանությանը քննադատելու համար անազատության մեջ գտնվող երիտասարդ ակտիվիստներին:

No comments: