Saturday, April 21, 2012

«Ահավոր ա, նախագահի անունն ա շոշափվում»

«Լրագիր» 21-4-2012- Երևանում բնակարանների բազմակի վաճառքի դեպքերից տուժած և խաբված քաղաքացիներն առաջիկայում պատրաստվում են շուրջօրյա նստացույցեր անել նախագահական նստավայի առջև: Նրանք ասում են, որ ուրիշ ելք չունեն, պետք է պայքարով հետ բերեն իրենց տները: “Մի կողմից մարդիկ իրենց տներն են կորցրել ու բոմժ դարձել, մյուս կողմից առողջությունը: Բայց ելք չկա, պիտի պայքարենք: Իշխանությունների փորացավն էն ա, որ հանկարծ նախագահականի ու կառավարության առջև նստացույց չանենք, դե թող լավ աշխատեն, մենք էլ չանենք”,- Lragir.am-ին ասաց տուժած բնակիչներից Սոնիկ Մաղաքյանը: Կառավարության ձևավորած հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են տարբեր պաշտոնյաներ, այդ թվում` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչների խոսքով, արդյունավետ չի աշխատում: Այնինչ, հանձնաժողովն ստեղծվել է հենց այն նպատակով, որ իբր պետք է վեր հանի այս պատմության մեղավորներին և լուծում տա բնակիչների խնդրին: Սոնիկ Մաղաքյանը վարչապետին իրազեկել է, որ հանձնաժողովի գործունեությունն արդյունք չի տալիս: Երեկ հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել, սակայն բնակիչների շահերը ներկայացնող Սոնիկ Մաղաքյանին թույլ չեն տվել մասնակցել նիստին: Տուժած բնակիչներն ահանզանգել են Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին, նրա միջամտությունից հետո միայն ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը Սոնիկ Մաղաքյանին ասել է. “Բարձրացեք վերև”: “Գնում եմ վերև և տեսնում, որ Տարոն Մարգարյանը ճառում ա, թե ժողովրդի հետ շփումը պետք ա մեծացնել, վստահությունը ամրապնդել: Ասում եմ` ինչ վստահության մասին ա խոսքը, եթե տուժած բնակիչներին, տուժածների ներկայացուցչին չեք թողնում մասնակից ձեր նիստերին”,- պատմեց Մաղաքյանը: Այս նիստն էլ, ինչպես մյուսները, ոչ մի արդյունք չի տվել, մարդիկ միայն բանավոր խոստումներ են լսել: Այնինչ, տուժած բնակիներն ասում են, որ այլևս չեն հավատում կառավարության անդամների բանավոր խոստումներին: “8 տարի ա` խաբում են մեզ: Մի բարաթ տվեք մեզ, մի հատ գրավոր հրաման տվեք կառավարության անունից, որ հավատանք”,- ասում են մարդիկ: Սոնիկ Մաղաքյանին զարմացրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պահվածքը: “Ասում եմ` բա մի բան մտածեք, արդարադատության նախարար եք, նորտարն էդքան անօրինականություն ա արել: Ասում ա` ինչ օգուտ, որ նոտարը նստի: Ոնց որ ասի` ինչ օգուտ, որ հանցագործը նստի”,- նշեց նա: Մինչ հանձնաժողովը նիստեր է անում, բնակիչները սեփական հետաքննությունն են անցկացրել և պարզել, որ, իրենց խոսքով, այս խոհանոցում շոշափվում է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի անունը: Սոնիկ Մաղաքյանի խոսքով` այս հարցում մեղավոր չէ կառուցապատող “ԳԱՊ բնակշին” ընկերության ղեկավար Գագիկ Պապոյանը, որն արդեն ձերբակալված է: “Մենք պարզեցինք, որ պետական մակարդակով ռեկետ ա գնացել: Իրա ձեռքով են արել, բայց հեղինակը Պապոյանը չի, ինքը մեզանից բեթար զոհ ա: Նախագահի աշխատակազմի վերահկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը 24 տուն ա ստացել, առանց լումա վճարելու 5 մլն դոլար արժողությամբ գույքի տիրացել: Ամենաահավորն էն ա, որ արդեն նախագահի անունն ա հոլովվում”,- ասաց Մաղաքյանը: Բնակիչները տեղյակ են, որ այսօր էլ նույն նորակառույց շենքերի բնակարանները վաճառքի են հանել, Գագիկ Պապոյանի գործընկեր Սիմոն Աղազարյանը շարունակում է իր “սև գործը”, և ոչ ոք նրա ձեռքը չի բռնում: Նշենք, որ խաբված բնակիչները մտադիր են միասնական պայքար մղել: Նրանց թվում են Արամի 72-80, Եկմալյան 19-21, Եկմալյան 1-3 և Բյուզանդի 13-21 շենքերում բնակարանների սպասող անձինք:

No comments: