Saturday, February 11, 2012

ԱՄՆ-ը ինտենսիվորեն ավելացնում է զորքերը Պարսից ծոցում

Tert.am. 11-2-2012- ԱՄՆ Ռազմաօդային ուժերի մարտական և ռազմա-տրասնպորտային ավիացիայի թռիչքների քանակը դեպի Պասից ծոց զգալիորեն աճել է: Այս մասին այսօր հայտնում են մի շարք իսրայելական լրատվամիջոցներ, հղում անելով «տեղեկացված ռազմական աղբյուրներին»: Ամերիկյան ռազմական օդանավերը թռչում են Սինայի թերակղզու, ապա Սաուդյան Արաբիայի օդային տարածքով դեպի Պարսից ծոց: Այսպես, իսրայելական մամուլի հավաստմամբ, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները սկսել են սպառազինության ու զորքերի տեղափոխումը Ծոցի տարածաշրջան, մասնավորապես նշված զորախումբը տեղակայվում է Օմանին պատկանող Մասիրա կղզի, որտեղ արդեն գործում է ամերիկյան հենակետ: Կղզին գտնվում է Հորմուզի նեղուցի հարավ-արևելյան հատվածում: Նշենք, որ ներկայում տարածաշրջանում ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային զորքերի մի քանի խոշոր ամերիկյան բազաներ են տեղակայված: Իսկ բոլորովին վերջերս Իսրայել է ժամանել ամերիկյան 10 հազարանոց զորախումբ, պաշտոնապես` հակահրթիռային նոր համակարգի փորձարկման համար: Վաշինգտոնը Քուվեյթի իր ռազմաբազայում ունի 15 հազարանոց զորախումբ, իսկ Կատարի ալ-Ուբեյդ կայանում կենտրոնացված է ռազմավարական ռմբակոծիչների մի էսկադրիլյա, ինչպես նաև հետախուզական, տրանսպորտային, լիցքավորիչ և այլ տեսակի օդանավեր: Տեղեկություններ կան նաև, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան նույնպես իրենց ռազմաօդային, ռազմածովային և հատուկ նշանակության զորքեր են տեղափոխում Սաուդյան Արաբիա և Միացյալ արաբական էմիրություններ:

No comments: