Monday, February 27, 2012

Տեր-Պետրոսյանը հեռանում է

«Լրագիր» 27-2-2012- Խոսքն իհարկե այն մասին չէ, որ մարտի 1-ի հանրահավաքին Կոնգրեսի առաջնորդը կհայտարարի, որ թողնում է հրապարակային քաղաքականությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ պետք է խորհրդարան անցկացնի իր կողմնակիցներին: Բացի այդ, նա թերեւս կմասնակցի նաեւ նախագահի հաջորդ ընտրությանը, եթե, ինչպես ասում են Կոնգրեսի ղեկավարները, խորհրդարանում ունենան ծանրակշիռ ներկայություն եւ սկսեն իմփիչմենտի գործընթաց: Տեր-Պետրոսյանը հեռանում է այլ իմաստով: Բանն այն է, որ նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսից արդեն բացակայում է համաժողովրդական շարժման եւ քաղաքացիական բաղադրիչը: Կոնգրեսն արագորեն վերածվեց հայկական շարքային կուսակցության, որը նույն արագությամբ էլ ընկղմվեց այն գործընթացի մեջ, որը Հայաստանում կոչում են «քաղաքականություն»՝ սկսած ցուցակների շուրջ ներքին խմորումներից, վերջացրած խորհրդարանում հայտնվելու արտաքին առեւտրով: Կոնգրեսը ներկայում բավական բարդ վիճակում է հայտնվել նախընտրական ցուցակներ կազմելու հարցում: Դա չեն ժխտում նաեւ Կոնգրեսի պատասխանատուները: Ցուցակը կազմելու հիմքում դնելով «համաժողովրդական շարժմանը բերած նպաստի» սկզբունքը, Կոնգրեսն ինքն իրեն մտցրել է փակուղի: Ո՞վ է որոշելու այդ «նպաստի» չափը, որակը, ուղղվածությունը: Կոնգրեսի շատ անդամներ ժամանակին հայտնվեցին բանտերում, եւ թեեւ բոլորին համարում էին քաղբանտարկյալներ, բոլորին հասկանալի էր, որ բանտարկվածների մեջ չկային «պատահական մարդիկ». ցուցակը մեկ առ մեկ կազմել էր իշխանությունը: Որի մեջ վտանգ էին տեսել, որի հետ ունեին նախկին հաշիվներ, որը խախտել էր ժամանակին նույն իշխանությանը տված երդումը, որը մտնելով շարժման մեջ՝ իրեն ապահովագրել էր «քաղբանտարկյալ» հռչակվելով, եւ այլն: Ահա այս իրողության պայմաններում, հետաքրքիր է, թե ինչ չափանիշով է որոշվելու թե նրանց, թե բանտերում չհայտնված գործիչների «նպաստը»: Ինչ վերաբերում է արտաքին կողմին, ապա այստեղ Կոնգրեսը նույնպես գնաց հայկական կուսակցություններին բնորոշ ճանապարհով: Նախ, կոնգրեսը հայտարարեց ՌԴ նախագահի ընտրությանը Պուտինին աջակցելու մասին: Հայաստանում Կոնգրեսը փաստացի մնացել է միակ ուժը, որը կարելի է լիովին ռուսամետ համարել: Կոնգրեսի՝ Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշումը լիովին համահունչ է Ղարաբաղի կարգավորման ռուսական ծրագրին: Կոնգրեսում վաղուց կա կենցաղային-սրճարանային մակարդակի «հակաղարաբաղիզմ», որի կրողները գրավում են բավական ազդեցիկ քաղաքական դիրքեր այդ կուսակցության մեջ: Կա եւս մեկ հանգամանք, կապված իշխանության հետ հարաբերություններին: Խնդիրը հետընտրական իրավիճակն է, որը Կոնգրեսը կարող է օգտագործել, եթե չստանա իրեն բավարարող ներկայություն Ազգային ժողովում: Կոնգրեսը տեսականորեն ունի հետընտրական ալիք կազմակերպելու ներուժ, ինչը իշխանության համար, ըստ Կոնգրեսի պատասխանատուների, բավարար հիմք է զիջումների գնալու: Ահա այս իրողությունները նկատի առնելով, կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը կհեռանա: Սա թերեւս այն չէր, ինչ սպասում էր հասարակությունը Տեր-Պետրոսյանից, ով ժամանակին գլխավորել էր Համաժողովրդական շարժումը: Հայկ Արամյան

No comments: