Wednesday, February 29, 2012

«Ազգ». Հայկ Դեմոյանի ոչ համոզիչ բացատրությունն ու Գեւորգ Յազըճյանի հրաժարականը

Ատենախոսության մեջ առկա բազմաթիվ սխալները, թերություններն ու իրարամերժ կարծիքները, անգամ ռուսերեն լեզվի անհասկանալի գերակայությունը չխանգարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ստանալու պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: «Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Հայկ Դեմոյանը, իհարկե, բոլոր դիտարկումներին տվեց իր պատասխանները, չնայած հայերեն չգրելու վերաբերյալ բացատրությունը համոզիչ չէր. «Ես ստացել եմ հայերեն կրթություն: Բայց եթե ես այս աշխատանքը գրեի հայերեն լեզվով, մենք այստեղ նստած կլինեինք երևի 5-6 տարի առաջ, դա հեշտ տարբերակն էր: Որպես գիտնական` ես խնդիր եմ դրել գնալ ավելի բարդ ճանապարհով: Եթե ես աշխատանքը չգրեի ռուսերեն, չէի ստանա ԱՊՀ երիտասարդ գիտնականների մրցանակ: Բայց որպես հեղինակ գտնում եմ` աշխատանքը պետք է ներկայացվի նաև մայրենի լեզվով»: Հայկ Դեմոյանը, սակայն, չբացատրեց համոզիչ կերպով, թե ո՞րն էր հայերեն թարգմանելու դժվարությունը եւ ինչո՞վ է պայմանավորված ատենախոսությունը ռուսերեն ներկայացնելու հապճեպությունը: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը պատմաբան Գեւորգ Յազըճյանն ասուլիսի ժամանակ ասել էր` կհրաժարվի իր գիտական աստիճանից, եթե մասնագիտական խորհուրդը Հայկ Դեմոյանից չպահանջի ատենախոսությունը հայերեն: Իր պայմանի համաձայն` Գեւորգ Յազըճյանը երեկ հրաժարվել է գիտական աստիճանից»,-գրում է «Ազգ»-ը:

No comments: