Ա+1. 14-2-2012- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նպատակով նախարարությունը շարունակում է բազմաժանր գրքերի հավաքագրումը: Արդեն իսկ նվիրված գրքերի թիվն անցնում է հազար հինգ հարյուրը: Գրքեր նվիրողների շարքում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը, որոնք Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նախապես խնդրել էին իրենց կողմից կազմակերպված կլոր սեղանի մասնակիցներին ներկայանալ գրքերով: ԻՆՏԵՐՆԵՏ ԳԻՐՔ ՄԱՐԱԹՈՆ 2011-ի կազմակերպիչները նույնպես անտարբեր չեղան նախարարության հայտարարությանը, նրանք անցյալ տարվա ընթացքում հավաքած գրքերի մի մասը սիրով նվիրեցին նախարարությանը: Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը նվիրեց դատապարտյալների իրավունքներին առնչվող հանրամատչելի գրականություն:
Հայտարարությանն արձագանքեց նաև Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը՝ իրանցի ազատազրկվածներին նվիրելով կրոնին և բարեպաշտությանն առնչվող գրքեր: Հատկանշական է, որ թոշակառուները սիրով նվիրում էին իրենց անձնական գրադարանի գրքերը, իսկ Աշոտ Նավասարդյանի դպրոցի աշակերտները որոշեցին գրքեր հավաքել իրենց հասակակից անչափահաս դատապարտյալների համար: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ աշակերտները կայցելեն Աբովյան քրեակատարողական հիմնարկ՝ անձամբ հանձնելու շուրջ մեկ ամիս հավաքած գրքերը:
Այս մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։
Tuesday, February 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment