Sunday, February 5, 2012

Սուրեն Ստեփանյան. «Քյաբաբից ու ծխախոտից բացի, ուրիշ լավ բաներ էլ կան»

Panorama.am. 4-2-2012- Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` բաղկացած 4 լեռնագնացներից, հունվարի 25-29-ը Իրանում մասնակցեց հեղինակավոր միջազգային վարկանշային մրցաշարի, հաղթահարեց այդ երկրի ամենաբարձր լեռնագագաթը` Դեմավենդը (5671 մ)` 25 երկրների թիմերի մեջ գրավելով առաջին տեղը: Մեր թիմի կազմն այսպիսին էր` Գարեգին Ունուսյան, Անտուան Անանյան, Լևոն Մովսիսյան, Հովհաննես Մարտիրոսյան: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հաղթանակած հայ լեռնագնացները ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատմեցին իրենց աննախադեպ հաջողության մասին: Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի խոսքերով` հաղթանակը կարևորվում է հատկապես այն պատճառով, որ Հայաստանը վերջին 10 տարվա ընթացքում թիմային ոչ մի մրցաշարի չի մասնակցել: Նա նշեց, որ մրցաշարին մասնակցել են 216 լեռնագնացներ` շուրջ 25 երկրից, և միայն 5 հոգի են կարողացել հաղթահարել բարձրությունը` 3 հայ, 1 ադրբեջանցի և 1 իրանցի: Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացների թիմի ավագ Գարեգին Ունուսյանը նախ շնորհավորեց բոլորին հաջողության համար` փաստելով, որ դա մեծ հաղթանակ է: «90-ականներից սկսած` ալպինիզմը, որպես մարզաձև, խորը անկման մեջ էր, չնայած բարձր ռազմակիրառական նշանակություն ունի, և դա շատ կարևոր է: Վերջին մեկ տարվա ընթացքում նկատելի առաջընթաց է դիտվում: Սկսել են ձևավորվել արշավախմբեր, երիտասարդությունն արդեն ուզում է լեռներ գնալ, մենք էլ փորձում ենք այդ սիրողական ոլորտը մի փոքր ավելի պրոֆեսիոնալի վերածել, որպեսզի Հայաստանը, որպես լեռնագնացության երկիր, ճանաչելի լինի աշխարհում: Եթե 25 երկրի շարքում մենք կարողացանք ուժեղագույնը լինել, ապա այդ ավանդույթը շարունակական ու տեսանելի պետք է դարձնենք»,- ասաց լեռնագնացը: Գարեգին Ունուսյանի խոսքերով` եթե չլիներ մարզիկների ֆիզիկական լավ պատրաստվածության գործոնը, երևի չէր հաջողվի մինչև վերջ բարձրանալ: «Մենք չէինք պատկերացնում, որ այդքան ուժեղ կգտնվենք ու կհասնենք գագաթին: Իրանում էլ շատ ուրախացան, որ հենց հայերն են հաղթահարել այդ բարձրությունը: Նախ ասեմ, որ շատ մեծ տարբերություն կա Դեմավենդի ձմեռային և ամառային վերելքների միջև: Յուրաքանչյուր 100 մետրից հետո ջերմաստիճանի` մեկ աստիճանով նվազում է նկատվում: Զուգահեռաբար նվազում են շնչառությունն ու քաղցը: Ձմեռային քամիները միշտ ավելի ուժեղ են լինում, ուստի դժվարանում է նաև շնչելը: Դեմավենդ հասնելը բարդ էր նրանով, որ այն հրաբխային գագաթ է, և արտանետվող ծծումբը շնչահեղձություն առաջացնելու վտանգ է պարունակում: Իրանում մենք տեսանք ահավոր հոսք, ահավոր սեր դեպի սարերը: Նրանք շատ լավ էին կազմակերպել մրցաշարը, այնպես որ, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Իրանի ֆեդերացիային` լավ վերաբերմունքի համար: Իրանահայ Սուրեն Ստեփանյանը մեր ֆեդերացիայի վարչության անդամ է և մեծ ներդրում ունի Իրանի ալպինիզմի զարգացման գործում: Շատ շնորհակալ ենք նրան, որովետև շատ բան է արել մեզ համար: Այնուհետև Գարեգին Ունուսյանը խոսքը փոխանցեց Սուրեն Ստեփանյանին, ով զարմացած էր իր նկատմամբ նման ուշադրությունից: «Իրանում սիրողական ալպինիզմով զբաղվողների թիվը շատ մեծ է: Դա ունի իր պատճառները. դպրոցներում և ինստիտուտներում գոյություն ունեն խմբեր: Հայաստանում նրանք են զբաղվում լեռնագնացությամբ, ովքեր պարզապես սիրահարված են լեռներին: Մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար առաջին հերթին մարդկանց պետք է սովորեցնել, որ, քյաբաբից ու ծխախոտից բացի, աշխարհում ուրիշ լավ բաներ էլ կան, պարզապես պետք է ուշադրություն դարձնել դրանց: Բացի այդ, մեր ֆեդերացիան շուրջ 8 ամիս է` զբաղվում է լեռնագնացության անվճար դասընթացներով, ցանկացողները գալիս են, գրանցվում, ձևավորում խմբեր և մասնակցում դասընթացների: Առաջին երազանքներիցս մեկն այն է, որ Հայաստանում ալպինիզմի դպրոց բացվի, և մենք այդ առումով կոչ ենք անում բոլոր բարերարներին` ներդրումներ կատարել, որպեսզի Հայաստանն իր ուրույն տեղն ունենա այս մարզաձևում, քանի որ Կովկասն այդ առումով լավագույններից մեկն է»,- ասաց Սուրեն Ստեփանյանը: Գարեգին Ունուսյանն ավելացրեց նաև, որ հաջորդ քայլը կլինի Պամիրը (7000 մ) հաղթահարելը:

No comments: