Friday, February 17, 2012

Մենք ընդունում ենք, որ հայերի հետ ողբերգություն է տեղի ունեցել, բայց դա որպես ցեղասպանություն չենք ճանաչում. իսրայելցի դեսպան

Tert.am. 16-2-2012- Ռուսաստանում Իսրայելի դեսպան Դորիթ Հոլենդերն այսօր Մոսկվայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Ադրբեջանական Vesti.az կայքի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Հոլենդերը բառացիորեն հետևյալն է ասել. «Ես կպատասխանեմ մեր արտգործնախարարի բառերով. Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի ողբերգությունը, բայց չենք ճանաչում Հայոց ցեղասպանությունը»: Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի կրթության և մշակույթի հանձնաժողովում են գտնվում Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ապրիլի 24–ն Իսրայելում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու մասին բանաձևերը։ 2011թ. դեկտեմբերին հանձնաժողովում քննարկման դրվեցին վերոնշյալ բանաձևերը, որոնք, սակայն, այդպես էլ քվեարկության չդրվեցին։ Հաղորդվեց, որ հանձնաժողովը հետաձգել է բանաձևի վերաբերյալ քվեարկությունը, որպեսզի խորհրդարանականներին հնարավորություն տա ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին այլ երկրների խորհրդարանների բանաձևերը։

No comments: