Thursday, February 16, 2012

Ռուսաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում քննարկել են Գաբալայի ՌՏԿ-ի հարցը

1in.am. 16-2-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը երեկ ադրբեջանական պատվիրակության հետ բանակցել է Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են շարունակել տվյալ խնդրի շուրջ խորհրդակցությունները:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հուսով է մինչև հունիս լուծել Գաբալայի ՌՏԿ-ի համաձայնագրի երկարաձգման հարցը.
«Տարեվերջին ավարտվում է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը: Վարձակալության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նոր համաձայնագիրը պետք է կնքվի այդ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ:
Ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ հարցի լուծման համար: Մենք մեր ղեկավարությունից ստացել ենք բոլոր անհրաժեշտ ցուցումները: Մնացյալ հարցերը կրում են զուտ տեխնիկական բնույթ»:

No comments: