Thursday, February 9, 2012

ԵՄ-ը դրականորեն կողջունի Թուրքիայի ներգրավումը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման գործընթացում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը, ով 2010թ। հեղինակել էր «Հարավային Կովկասում ԵՄ-ի ռազմավարության անհրաժեշտության մասին» թիվ 2216 բանաձևը: - «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը հրապարակել է «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշների» զեկույցը, որում անդրադարձ կա ղարաբաղյան խնդրին… Ըստ կենտրոնի վերլուծաբանների՝ ԵՄ արտաքին քաղաքականությունը 2011-ին ձախողվել է մի շարք ուղղություններով, մասնավորապես Չինաստանում մարդու իրավունքների ապահովումը, Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները, Հյուսիսային Կովկասում կայունությունը և մարդու իրավունքները, ՌԴ-ում սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, ԱՄՆ հետ կապը Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում և այլն… Ձեր կարծիքով` ի՞նչ մակարդակի վրա են Հարավային Կովկասում կայունությունն ու մարդու իրավունքները: - Հարավային Կովկասում մարդու իրավունքների պաշտպանության և կայունության հետ կապված լուրջ խնդիրներ և մարտահրավերներ կան: Շատ բան պետք է արվի տարածաշրջանի բոլոր երկրներում բարելավելու արտահայտվելու, հավաքների, լրատվամիջոցների և արդարադատության ազատությունները: Որոշ քայլեր արվել են իրավիճակը բարելավելու համար, և մենք այդ ուղղությամբ սպասում ենք արդյունքների: Հարավային Կովկասի կայունությունը մեծապես կախված է Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի չլուծված հակամարտությունների խաղաղ լուծումներից: Առանց այս հակամարտությունների կարգավորման՝ շատ դժվար կլինի զարգացնել կայուն և կենսունակ կայունացման և ժողովրդավարացման քաղաքականությունը: Հակամարտությունները տարածաշրջանում ոչ միայն խանգարում են երկրների ժողովրդավարական և բարգավաճ զարգացմանը, այլև Արևելքում Եվրոպական հարևանության քաղաքականությանը, քանի որ ԵՄ-ի ռազմավարական նպատակը այս տարածաշրջանում կայունությունն ու ժողովրդավարական զարգացումն է: Հակամարտության մեջ գտնվող երկրների մեկուսացումը, տարբեր նախաձեռնությունների մասնակցության և առավել ընդգրկուն տարածաշրջանային համագործակցության համար անհրաժեշտ մթնոլորտի պակասը ժողովրդավարացման գործընթացի համար մեծ խնդիրներ և տարածաշրջանում քաղաքական հաստատությունների համար մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը տուժում են այս բոլոր գործոնների պատճառով: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ հակամարտությունների լուծումը նաև կհանգեցնի տարածաշրջանի բացմանը և ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության վատթարացող իրավիճակի բարելավմանը: - Զեկույցում նշվում է, որ անցյալ տարի ԵԱՀԿ ՄԽ-ը մի քանի հանդիպում է անցկացրել, սակայն բանակցային գործընթացում առանցքային դերակատարը Ռուսաստանն էր, բայց այդ երկրի նախագահի նախաձեռնությամբ էլ 2011-ի փետրվարին, մարտին և հունիսին եռակողմ ձևաչափով կայացած հանդիպումները առաջընթաց չեն գրանցել… Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է խանգարում կողմերին: - Անշուշտ, ԵԱՀԿ ՄԽ-ը բանակցությունների համար ստեղծում է պաշտոնական հնարավորություններ, բայց կողմերը իրենք պետք է պատրաստակամ լինեն գնալ զիջումների և հասնել Հիմնական սկզբունքների վերաբերյալ այդքան սպասված համաձայնությանը: Հրատապ անհրաժեշտություն կա մեծացնել վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սա հիմնական պատճառներից մեկն է, որ բանակցութունները փակուղում են գտնվում: Մյուս կողմից կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է փորձեն ավելի արդյունավետ աշխատել կողմերի դիրքերն իրար ավելի մոտեցնելու հարցում` փորձելով առավել շատ լծակներ օգտագործել և առավել հստակ աջակցություն առաջարկել: - «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշների» զեկույցում Եվրամիության ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում գնահատվել է C: Վերլուծաբանները պարզաբանել են այդ գնահատականը. «Միասնության» համար` 5 հնարավոր միավորից` 2: «Միասնությունը» անվանակարգ է, որով գնահատվում է, թե որքանով են միասնական գործել տվյալ հարցում ԵՄ 27 պետությունները: Գնահատականը բացասական է, 2-ը նշանակում է, որ պետությունների մոտեցումներն էապես տարբերվել են: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան երկրներում: - Եթե անգամ անցյալում ԵՄ անդամ պետությունների շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կարծիքների տարբերություն կար, ապա այժմ դրությունը փոխվում է: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ ԵՄ դիրքորոշման մշակմանն ու ձևավորմանը: Որպես օրինակ ես կարող եմ բերել ԵՄ-ի համատեղ զեկույցը` «Նոր պատասխան փոխվող հարևանությանը» թեմայի վերաբերյալ, որտեղ ԵՄ-ը ներկայացրեց իր ձգտումը Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման գործընթացում առավել ակտիվ զբաղվելու և իր ներգրավվածությունը այլ ձևաչափերում մեծացնելու վերաբերյալ, որտեղ դեռևս ներկայացված չէ, օրինակ` ԵԱՀԿ ՄԽ-ում: Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչ կատարվեց Վրաստանում, և թե ով էր ստիպված իր ձեռքը վերցնել տարածաշրջանի հետպատերազմյան կառավարումը` ԵՄ-ը: Մենք չպետք է սպասենք, որ մեկ այլ ողբերգություն տեղի ունենա ինչպես 2008թ. օգոստոսին` հասկանալու համար, որ տարածաշրջանը գտնվում է ԵՄ-ի անմիջական հարևանությամբ, և որ ԵՄ շահերից է բխում օգնել չլուծված հակամարտությունների կարգավորմանը և զարգացնել Հարավային Կովկասի խաղաղ, կայուն և բարգավաճ պետությունները: - Վերլուծաբանները նկատել են, որ ԵՄ-ն չի կարողացել նաև այս հարցով անհրաժեշտ քննարկումներ անցկացնել առանցքային դերակատարներ Թուրքիայի և ՌԴ-ի հետ… Հունվարի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի ծրագրավորման համատեղ ռազմավարական խմբի երկրորդ հանդիպումը, ստորագրվեց համատեղ հռչակագիր, որի 26-րդ կետում ասվում է. «Թուրքիան ու ՌԴ-ն հաստատել են իրենց մտադրությունը՝ սեփական պոտենցիալը հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա կայունացնող ազդեցություն թողնելու հարցում գործածելու համար»: Ձեր կարծիքով` ՌԴ-ի և Թուրքիայի ջանքերը կարո՞ղ են հաջողությամբ պսակվել: - Եթե սթափ դատենք, հակամարտության կարգավորման հետ կապված արտաքին գործոնների ազդեցությունը շատ մեծ է: Այդ իսկ պատճառով նրանցից բոլորից ակնալվում է ներկայացնել կառուցողական դիրքեր: ԵՄ-ը դրականորեն կողջունի Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավումը հակամարտության խաղաղ լուծման գործընթացում: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ` ՌԴ-ն ունի բոլոր նախադրյալները, որ ցույց տա այդ կառուցողական դիրքը: Որպես ԵՄ-ի թեկնածու երկիր` Թուրքիան նույնպես կարող է ուշադրություն դարձնել ԵՄ-ի հաճախակի կոչերին թուրք-հայկական սահմանները բացելու և երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու վերաբերյալ: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն միացյալ ջանքերով, քաղաքական կամքով և ներգրավված կողմերի կառուցողական դիրքերի շնորհիվ: - Ինչպե՞ս են Եվրոպայում գնահատում Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը: - Եվրոպայում այս խնդրի վերաբերյալ մեծ բանավեճ չի եղել, համենայնդեպս առայժմ: Բացի նրանից, ինչը որ քննարկվել է լրատվամիջոցներում, պաշտոնական մեկնաբանություններ կամ այս օրինագծի ընդունման վերաբերյալ դիրքորոշումներ չեն եղել, և սա բացատրվում է ժողովրդավարական եղանակով ընտրված խորհրդարանների իրավունքով, ըստ որի նրանք կարող են ձևավորել իրենց սեփական դիրքորոշումը նման հարցերի վերաբերյալ: - ԵՄ-Հայաստան հարաբերությունները այս տարի ի՞նչ մակարդակի վրա կգտնվեն` հաշվի առնելով այն, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթընը, նաև Ֆրանսիայի նախագահը անցյալ տարի այցելեցին տարածաշրջան: Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել: - Հարաբերությունները ԵՄ-ի և Հայաստանի միջև վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն զարգացել են: Գործընկերության համաձայնագրի շուրջ 2010-ից սկսված բանակցությունները ցույց տվեցին, որ երկու կողմերն էլ պատրաստ են ընդլայնել համագործակցությունը և նորացնել հարաբերությունները: Այդ պատճառով ես կարծում եմ, որ այս տարի այս գործընթացը կշարունակվի` հատկապես հաշվի առնելով, որ սկսվել են վիզայի հեշտացման բանակցություններն ու խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ընդունման գործընթացը: Անշուշտ, սա երկար գործընթաց է, որի համար հարկավոր է, որ երկու կողմերն էլ ստանձնեն պարտավորություններ` ձևավորված «ավելի շատը ավելի շատի համար» սկզբունքով այսինքն` ավելի շատ բարեփոխումները և առաջընթացը կհանգեցնեն ԵՄ-ի հետ առավել մոտ հարաբերությունների և Հայաստանին ուղղված ֆինանսական ու տեխնիկական առավել մեծ օգնության: - Ինչպիսի՞ն են ասոցացված անդամից ԵՄ լիարժեք անդամ դառնալու Հայաստանի հնարավորությունները: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող է ազդել եվրոպական ճգնաժամը` ԵՄ ասոցացված գործընկերների վրա, այդ թվում և՝ Հայաստանի: - Անկասկած, ԵՄ-ի ներկայիս ճգնաժամը բացասաբար է ազդում ԵՄ-ի անդամակցության գործընթացի վրա: Կարծում եմ, որ դա բնական է և արտացոլում է Եվրոպայի քաղաքացիների մտավախությունն ու վերաբերմունքը, որոնց թվում է, որ ԵՄ-ը ոչ մի ունակություն չունի իրենց խնդիրներին լուծում տալու համար: Սա Եվրոպայի քաղաքական գործիչների համար հիմնական մարտահրավերն է այժմ. ապացուցել, որ ԵՄ-ն ունակ է ոչ միայն այս ճգնաժամից դուրս գալու, այլ նաև դրանից հետո պատրաստ է հանդես գալ դեռ ավելի ուժեղ և ավելի միավորված: ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի մասին խոսելիս ես պետք է ասեմ, որ նախ՝ մենք պետք է տեսնենք, թե ինչպես է ընթանում ասոցացման գործընթացը: Եթե դրանից հետո Հայաստանը կցանկանա անդամակցության գործընթաց սկսել, կարծում եմ, որ այն կունենա բավական աջակցություն անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար: Սկզբունքորեն հետագայում ոչ մի եվրոպական երկիր չպետք է ԵՄ-ից դուրս մնա: - ԵՄ ներկայացուցիչները հայտարարել են, որ ակնկալում են Հայաստանից 2012-ի մայիսին ազատ ընտրություններ անցկացնել: Ձեր կարծիքով` այդ ակնկալիքներն իրականացնելու ճանապարհին ԵՄ-ն ունի՞ համապատասխան ազդեցության լծակներ: - ԵՄ-ը շատ ուշադիր կհետևի Հայաստանում այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Մենք Հայաստանի իշխանություններին ներկայացրել ենք թափանցիկ և օրինական ընտրությունների անցկացման կարևորությունը և նույն բանը կանենք Հայաստանին ուղղված զեկույցում, որն այժմ պատրաստվում է Եվրախորհրդարանում: Այլ կազմակերպությունների հետ մեկտեղ Եվրախորհրդարանը պատրաստ է երկիր ընտրական դիտորդների թիմ ուղարկել: Անշուշտ, այս ընտրությունների համար կենտրոնական պատասխանատվությունը պատկանում է կառավարությանը, որը պետք է երաշխավորի, որ ընտրություններն իրականացվեն ժողովրդավարական և եվրոպական չափանիշների համաձայն, և որ ամենակարևորն է` առանց բռնությունների: Կարծում եմ, որ առաջիկա ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության ստուգման լուրջ թեստ կլինեն:

No comments: