Wednesday, February 22, 2012

Իրանա-ադրբեջանական հակասությունները խորանում են

News.am. 22-2-2012- Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է եւս մեկ ահաբեկչական խմբավորման բացահայտման մասին, որը գործում էր իրանական հատուկ ծառայությունների կարգադրությամբ: Նրանք նախատեսում էին ահաբեկչություններ իրականացնել օտարերկրյա քաղաքացիների հանդեպ, փետրվարի 21-ի երեկոյան հաղորդել է AzTV պետական հեռուստաընկերությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԱԾ-ին: Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, խմբավորումը ստեղծվել է «Սեպահ» իրանական հատուկ ծառայության աշխատակցի` Համիդի եւ Գյաջի Աբասի կողմից, ով գլխավորում է «Հըզբոլահի» զինված թեւը` «Մուգավիմաթ»-ը: AzTV-ի հաղորդմամբ, խմբի անդամները, գործելով «Սեպահ»-ի կարգադրությամբ, հետախուզական բնույթի տեղեկություններ են հավաքել, ձեռք են բերել զենք, պայթուցիկ սարքեր, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքներ են ձեռնարկել: ԱԱԾ-ն չի բացահայտել հատուկ գործողության մի շարք մանրամասներ, այդ թվում խմբավորման ձերբակալված անդամների թիվը: Իր հերթին, իրանական կողմն արձագանքել է Ադրբեջանի այդ մեղադրանքներին: Այսպես, Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քուսարին հայտարարել է, որ Ադրբեջանի մահմեդականներին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, սակայն քաջ հայտնի է, որ այդ երկիրը համագործակցում է «Մոսադ»-ի եւ ամերիկյան հատուկ ծառայությունների (CIA) հետ, հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը: Քուսարին հավելել է, որ իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունները հանդիսանում են դրա վառ ապացույցը: «Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի իր քայլերի համար եւ շտապ կերպով ԻԻՀ-ի սահմաններից հեռացնի հետախուզություն իրականացնող կազմակերպություններին»,-նշել է իրանցի պաշտոնյան: Նշենք, որ ադրբեջանական ԱԱԾ-ի այս «համարձակ» հայտարարությանը նախորդել էր իրանական կողմի հղած նոտան, որտեղ պահանջվում էր ազատ արձակել նախօրեին ձերբակալած իրանցի լրագրողներին: Իրանական կողմը դա համարել է լուրջ խախտում, որը հակասում է միջազգային նորմերին: Այսպիսով, ադրբեջանա-իրանական հակասությունները հետագա ընթացք են ստանում, քանի որ փոխադարձ մեղադրանքները շարունակվում են պետական պաշտոնյաների մակարդակով, իսկ դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի գերազանցապես շիա մահմեդական բնակչություն ունեցող երկու պետությունների հետագա հարաբերությունների տեսանկյունից:

No comments: