Tert.am. 22-2-2012- «Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղակայված դիպուկահարներն սպառնում են ԼՂ հարցի փոխզիջումային տարբերակով լուծմանը,-ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում գրում է փորձագետ Մարկ Դիթսենը և հավելում,-1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ադրբեջանական և հայկական կողմերից դիպուկահարների արձակած կրակից տարեկան մոտ 30 մարդ է զոհվում: Լեռնային Ղարաբաղում լարվածության մեծացմանը զուգահեռ փոխզիջումը դառնում է դիպուկահարների թափած արյան հերթական զոհը»:
Վերլուծաբանն այնուհետ անդրադառնում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և նշում, որ Խումբը մադրիդյան սկզբունքներ անվամբ հայտնի մի փաստաթուղթ է առաջ քաշել, որն իրենից խաղաղության հասնելու փուլային տարբերակ է ներկայացնում:
«Մադրիդյան սկզբունքները մեծ տարաձայնության պատճառ են դարձել հայերի և ադրբեջանցիների միջև, այդ փաստաթուղթը նախատեսում է նաև բուֆերային գոտիներում (ԼՂ-ին հարակից շրջանները) գտնվող տարածքի մեծ մասի վերադարձն Ադրբեջանին,- գրում է վերլուծաբանը և հավելում, - խորհրդային ժամանակաշրջանում այդ շրջանները մեծամասամբ էթնիկ ադրբեջանցիներով էին բնակեցված, իսկ դրանց մեջ գտնվող շրջանները Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզն էին կազմում, որտեղ գերակշռում էին հայերը»:
Դիթսենը նշում է, որ դիպուկահարների կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան հակամարտության ռազմական բնույթը գնալով «մեծանում է», ինչն էլ խոչընդոտում է փոխզիջման համար նախապայման հանդիսացող փոխադարձ վստահության ամրապնդմամը:
Վերլուծաբանն այնուհետ անդրադառնում է երկու կողմերից հնչող ռազմաշունչ հայտարարություններին և նշում, որ դրանք ևս մեկ խոչընդոտ են` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: «2009թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենք միլիարդներ ենք ծախսում զենք և սարքավորումներ ձեռք բերելու և բանակի դիրքերն ամրապնդելու համար, ապա հավելեց. «մենք բոլոր իրավունքներն ունենք մեր հողերը ռազմական ճանապարհով ազատագրելու համար»: Իսկ բոլորովին վերջերս` 2012թ. հունվարի 16-ին, Ալիևը կրկին զգուշացրեց, որ ժամանակակից սպառազինություն է գնում, որպեսզի խաղաղ բանակցությունների ձախողման դեպքում, կարողանա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատել հնարավորինս արագ և քիչ կորուստներով»:
Հոդվածում այնուհետ անդրադարձ է կատարվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ալիևի հայտարարությանն ի պատասխան 2010թ. արած հայտարարությանը` «Եթե պահը գա, մենք ոչ միան կկարողանանք կրկնել այն, ինչ արեցինք 1992-1994թթ., այլև մեկընդմիշտ կլուծենք այդ խնդիրը, հարցը մեկընդմիշտ կփակվի»:
«Նման ռազմաշունչ հայտարարությունները գնալով ավելի մտահոգիչ են դառնում, քանի որ դրանք ուղեկցվում են «գործողություններով»,-գրում է հոդվածագիրը և անդրադառնում 2011թ. հունիսին Ադրբեջանում և սեպտեմբերին Հայաստանում տեղի ունեցած զորահանդեսներին և դրանց ժամանակ ցուցադրվածռազմական տեխնիկային:
Վերլուծաբանը գրում է, որ 2008թ. դեկտեմբերին Հելսինկիում (Ֆինլանդիա) ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպման ժամանակ Մինսկի խումբը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկեց շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, Հայաստանը համաձայնեց առաջարկին, իսկ Ադրբեջանը`ոչ:
.
«Բաքվի կարծիքով` դիպուկահարները բանկցային գործընթացում Հայաստանի վրա ճնշում պահելու միջոց են: Նրանք վախենում են, որ դիպուկահարներին հետ քաշելը կնպաստի ստատուս քվոյի պահպանմանը: Այնպես որ դիպուկահարները շարունակում են սպանել` գնալով ավելի կատարելագործելով իրենց զենքը»:
Փորձագետը նշում է, որ եթե մադրիդյան սկզբունքները կյանքի կոչվեն, ապա անվտանգության հարցի լուծման միջազգային երաշխիքներ հանդես կգան, որոնց մեջ կներառվի նաև խաղաղապահների գործողությունը: «Սակայն, դիպուկահարների ամեն մի հարվածը նվազեցնում է այդ «եթե»-ի հնարավորությունը,-նշում է Դիթսենը և հավելում,- Չնայած բուֆերային գոտիների նկատմամբ հայերի վերահսկողությունն իրավական առումով կասկածելի է, դիպուկահարների գործողությունները կարող են նրանց համոզել, որ այս գոտիների ներսում իրենց հայրենակիցների անվտանգությունը կարող է երաշխավորվել միայն այդ գոտիներից դուրս գտնվող տարածքների նկատմամբ փաստացի վերահսկողության շնորհիվ»:
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment