Tuesday, February 14, 2012

Ղարաբաղի հարցում շահողներ, հաղթողներ չկան. Ջեյմս Ապատուրայ

Tert.am. 14-2-2012- Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շահողներ, հաղթողներ չկան, այս մասին «Առաջին լրատվականի» «Հարցազրույց» հաղորդման ժամանական ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա նաև նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է` ավելացնեոլվ, որ ՆԱՏՕ-ի 28 ադամ երկրները սատարում են Մինսկի խմբի գործընթացներին: «Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում շահողներ, հաղթողներ չեն լինի, սա դաշնակիցների համատեղ կարծիքն է»,- ասել է նա: «Բոլոր կողմերը բոլոր ասպարեզներում կտուժեն` տնտեսական, ռազմական, քաղաքական: Առաջ ընթանալու եզակի ուղին բանակցություններն են: Միակ շրջանակը Մինսկի գործընթացն է, ուստի դաշնակիցները ցանկանում են օգնել և Հայաստանին, և Ադրբեջանին` հասնելու այս երկարատև և դժբախտ անհամաձայնության երկու կողմի համար ընդունելի, փոխհամաձայնեցված լուծմանը»- ասել է նա: Ջեյմս Ապատուրայը նաև նշել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով վերահաստատել է բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման իր պատրաստակամությունը. «Նա չառաջարկեց ինձ որևէ այլ ձևաչափ, քան Մինսկի ձևաչափն է»,- ասել է Ջեյմս Ապատուրայը: Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին` Ապատուրայն ասել է, որ Վրաստանի դեպքում դաշնակիցները Բուխարեստում արդեն իրենց որոշումն ընդունել են: «Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը հետաքրքրություն չեն ցուցաբերել դաշինքին անդամակցելու առումով, մենք էլ նոր անդամ չենք փնտրում, թեև դեմ չենք»,- հայտնել է նա: ՆԱՏՕ-ն «Անհատական գործընկերության» ծրագիր ունի Հայաստանի հետ, որը հստակորեն նշում է, թե ինչ են մտադիր անել միասին: Ջեյմս Ապատուրայի խոսքով` վերջերս դրա վերջնական տարբերակը հաստատվել է և արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ:

No comments: