Tert.am. 23-2-2012- Երեկ «Եվրանեսթի» սոցիալական հանձնաժողովի՝ Երևանում կայացած արտագնա նիստի աշխատանքային քննարկման ժամանակ հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև ԼՂՀ հարակից շրջանների հետ կապված քաղաքական բանավեճ ծավալվեց, երբ նիստին մասնակցող ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիևը կրկնեց իր երկրի պաշտոնական տեսակետը «Ադրբեջանի 20 տոկոս տարածքների Հայաստանի կողմից գրավված լինելու» մասին:
Հայ պատգամավորները սա որակեցին որպես Ադրբեջանի «հին երգ, որը մեծապես ձանձրացրել է բոլորին»:
Մասնավորապես, երբ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Աջայ Գուլիևը խոսեց այն մասին, որ իր երկիրը կառուցողական է տրամադրված է և պատրաստ է տարբեր՝ հումանիտար, մշակութային և այլ խնդիրների շուրջ համագործակցել «Արևելյան գործընկերության» ծրագրում ներառված երկրների և այդ թվում՝ Հայաստանի հետ, Բարգավաճ Հայաստան կուսակցութայան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ առաջին անգամ է լսում Ադրբեջանի նման կառուցողական դիրքորոշման մասին:
«Մինչ այդ բոլորիս հայտնի է, որ Ադրբեջանն ուղղակիորեն հրաժարվում էր «Արևելյան գործընկերության» ֆորմատում Հայաստանի հետ որևէ համագործակցությունից և, կան դրա ոչ միայն բանավոր, այլև գրավոր վկայությունները»,-նշեց պատգամավորը:
Ի պատասխան, Ազայ Գուլիևն ընդունեց, որ Հայաստանի հետ համագործակցության հիմնական արգելքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է և ավելեցրեց. «Մենք ամեն ինչ անում ենք համագործակցության համար, բայց չպետք է մոռանալ, որ մեր տարածքների 20 տոկոսը գրավված է և կան մեկ միլիոնից ավելի փախստականներ»:
Ադրբեջանցի պատգամավորը նկատեց նաև, որ իրենք պատրաստ են համագործակցության և որպես դրա վկայություն նշեց «Նաբուկո» ծրագիրը, որտեղ Հայաստանը ընդգրկված չէ:
Այնուհետև Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Հարգելի գործընկերներ, տեսա՞ք, որ ոչինչ չի փոխվում, տեսաք, որ նորից ադրբեջանցի պատգամավորները շարունակում են իրենց հին երգը, որը մեծապես ձանձրացրել է բոլորին և միջազգային հանրությանը՝ 20 տոկոս «գրավյալ» տարածք, մեկ միլիոն փախստականներ»:
Ինչ վերաբերում է «Նաբուկոյի» շրջանակներում «համագործակցությանը», ապա ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց՝ «վերջապես խոստովանեցին, որ իրենք պատրաստ են տարածաշրջանային այնպիսի համագործակցության, որում Հայաստանն ընդգրկված չէ:
Հայաաստանի հանրապետական կուսակցության անդամներ Արտակ Զաքարյանն ու Հովհաննես Սահակյանն էլ նկատեցին, որ ԼՂՀ խնդիրը ոչ թե «Եվրանեսթի», այլ Մինսկի խմբի իրավասության սահամններում է:
Հովհաննես Սահակյանն առաջարկեց «Արևելյան գործընկերության» 6 երկրներում քաղաքացիական հասարակությունների վիճակի մասին ուսումնասիրություններ կատարել, մոնիտորինգ անցկացնել առանձին-առանձին, բայց նույն ձևաչափով, որպեսզի հասկանալի լինեն ընդհանուր պատկերն ու հետագա անելիքները:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը արձանագրեց, որ 1992-ից մինչև 2002թ. հարավկովկասյան երեք հանրապետություններում քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցություն է եղել: «Ոչ թե պարզապես փորձի փոխանակություն պետք է անել, ինչպես առաջարկվում է, այլ եղած փորձը հաշվի առնելով` պետք է վերսկսել համագործակցությունը»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment