Wednesday, February 29, 2012

Գլխավորը Հայաստանը ճանաչելի լինի

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը եւ դրանով դրել հայերի նկատմամբ արեւմտյան քաղաքակրթության հարյուրամյա սահմանը:Այսինքն, հայերին լիարժեք մարդ չեն համարում, կամ էլ, ավելի ճիշտ, երկրորդ կարգի մարդ են համարում, որի արյունն այլ հատկություն ունի եւ չի կարող հավասարվել այլ ժողովուրդների արյանը, օրինակ, հրեաների, որոնք նույնպես ցեղասպանության են ենթարկվել: Հայերն ակտիվորեն մասնակցել են երկու համաշխարհային պատերազմներին հաղթողների կողմից, սակայն պարտված են դուրս եկել, չնայած այն բանին, որ ավելի մեծ զոհեր են տվել, քան ավելի խոշոր եվրոպական ազգերը: Ցեղասպանության ճանաչման հարցի նկատմամբ ամերիկյան, բրիտանական, ինչպես նաեւ Ֆրանսիայի մի խումբ ֆրանսիացի սենատորների ցինիկ եւ երեսպաշտական վերաբերմունքը համաշխարհային վերնախավի դավադրության գոյության նշան է: Չնայած Թուրքիան շարունակում է մնալ Արեւմուտքի եւ Ռուսաստանի կարեւոր գործիքը, եւ ԱՄՆ-ն շարունակում է խաղադրույք անել նրա վրա իր աշխարհաքաղաքականությունում, սակայն խնդիրը միայն Թուրքիան չէ: Համաշխարհային վերնախավի անհանգստությունը երկու բաադրիչ ունի՝ ցեղասպանային քաղաքականությունը նոր եւ նորագույն պատմության երեւույթ է, եւ հայերի ցեղասպանության ճանաչումը իր հետեւից շատ անսպասելի հետեւանքներ կունենա, եւ այդ գործընթացը կհանգեցնի հրեաների հոլոքոսթի նշանակության արժեզրկման, որը, առկա պայմանավորվածությունների համաձայն, պետք է «բացառիկ» երեւույթ մնա: Սա վաղուց հասկացված հանգամանք է, սակայն, թերեւս, հարկ էր ստանալ քաղաքական փորձի շարունակությունը, որպեսզի լիովին համոզվենք դրանում: Սակայն պետք չէ հուսախաբվել, քանի որ ոչ լիարժեք ազգերի թվում միայն հայերը չեն: Թուրքերին եւ ադրբեջանցիներին եւ նաեւ գրեթե բոլոր մեզ մոտ ու հեռու հարեւաններին ընդհանրապես մարդ չեն համարում: Հայերի ձեռքին հզոր զենք կա՝ ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարրը հավասարազոր է ներկայիս աշխարհակարգի կազմաքանդման համաշխարհային քաղաքականության, երբ լուրջ կասկածի տակ է դրվում ժողովրդավարական արժեքների համաշխարհային համակարգի համարժեքությունն ու իրավաչափությունը: Բացի այդ, պետք է հասկանալ, որ համաշխարհային վերնախավն ամենեւին էլ մեկ ամբողջություն չէ, այն ցրված է եւ խիստ անկազմակերպ, բնութագրվում է դժվար հաղթահարվող հակասություններով: Վերջապես, լավ կլինի հասկանալ, որ համաշխարհային եւ ցանկացած այլ վերնախավ կազմված է առանձին մարկանցից, եւ համակարգի մահվան պայմաններում նրանք առավել քիչ պաշտպանված են մնում: Հայաստանը մտել է իր արտաքին քաղաքականության ծավալման միայն առաջին փուլ: Հայաստանի նկատմամբ ԱՄՆ ներկայիս մտադրությունները շատ բանով պայմանավորված են նաեւ Հայաստանի ղեկավարությունից եւ քաղաքական վերնախավից ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հանդեպ վերաբերմունքի որոշակի ձեւաչափի ճանաչման հասնելու նպատակով: Ամեն դեպքում, Հայաստանը պետք է արմատապես փոխի իր վերաբերմունքը ցեղասպանության ճանաչման գործընթացի նկատմամբ՝ հասկանալով, որ համաշխարհային ուժային կենտրոններն աջակցում են այդ գործընթացին որպես աշխարհաքաղաքական գործոն: Այն պետությունները, որոնք շահագրգռված են որոշակի աշխարհաքաղաքական նախագծերում Հայաստանի մասնակցությամբ, պետք է տնտեսական եւ ռազմական օգնություն եւ աջակցություն ցուցաբերեն: Չի կարելի դուրս գալ քաղաքական բանակցությունների ասպարեզ այնպես, ինչպես Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման ժամանակ: Կանցնի ոչ շատ ժամանակ, եւ Մեծ Մերձավոր Արեւելքում սահմանների կոնֆիգուրացիան եւ դաշինքներն անճանաչելի կդառնան: Գլխավորը՝ որպեսզի մի շարք աշխարհաքաղաքական աղետներից հետո Հայաստանը ճանաչելի լինի: Իգոր Մուրադյան

No comments: