Monday, February 13, 2012

Շահրիյար Մամեդյարովն ասել է, թե ինչ կաներ, եթե հավակնորդների մրցաշարն անցկացվեր Երևանում

Panorama.am. 13-2-2012- Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կմասնակցե՞ր հավակնորդների մրցաշարին, եթե որոշվեր, որ այն կայանալու է Երևանում: «Ես կընդունեի Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի որոշումը,- ասել է Մամեդյարովը:- Ամեն ինչ կանեի, որպեսզի ՖԻԴԵ-ն փոխեր իր որոշումը: Չգիտեմ, թե ինչպիսի պայմաններ կարող էր ապահովել Հայաստանը: Ի վերջո, այդ երկրում խոշոր մրցաշարեր շատ չեն անցկացվում: Այլ բան է Ադրբեջանը, որը մեկ անգամ չէ ընդունել հայ մարզիկներին»: Մամեդյարովը չի նշել, սակայն, որ հայ մարզիկների նկատմամբ Բաքվում կայացած մրցաշարերում միշտ էլ թշնամական վերաբերմունք է եղել, ինչը չի համապատասխանում մարզական պայքարի ոգուն: Չի նշել, որ ժամանակին իրենք հրաժարվեցին Հայաստանի ֆուտբոլային ընտրանու հետ խաղալ Բաքվում` հայտարարելով, որ չեն կարող անվտանգության երաշխիքներ տալ, մինչդեռ հայ ֆուտբոլիստները պատրաստ էին խաղալ Ադրբեջանի մայրաքաղաքում: Չի խոսել նաև այն մասին, որ ադրբեջանցի ձյուդոյիստները Երևանում իրենց շատ ավելի ազատ էին զգում: Հավանաբար, չի ցանկացել քննարկել, թե ինչու է երկրի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահը, որպես «հյուրընկալության մակարդակի» չափանիշ, խոսում ոչ թե նախկին մրցաշարերի, այլ «Եվրատեսիլի» մասին, որը դեռ չի կայացել… Բայց, ի վերջո, գրոսմայստեր է, մտածել պետք է որ կարողանա…

No comments: