Saturday, February 25, 2012

ՕԵԿ-ը չի լինի նոր խորհրդարանում

«Լրագիր» 25-2-2012- Ըստ ամենայնի, Օրինաց երկիր կուսակցությունը չի լինի նոր խորհրդարանում: Խնդիրն ամենեւին այն չէ, որ Հայաստանն արդեն դարձել է օրինաց՝ օրենքների երկիր, որի պարագայում ոչ միայն ՕԵԿ-ը, այլեւ իր կոալիցիոն գործընկերները պետք է կանգնեին դատարանի առջեւ եւ լուծարվեին, այլ այն, որ Հայաստանում գործող «օրենքների» եւ ներքին զարգացումների տրամաբանությունը բացառում են այդ կուսակցության ներկայությունը նոր խորհրդարանում: Բանը միայն այն չէ, որ կուսակցությունը պետք է ունենա հստակ գաղափարախոսական հիմք: Դրանից զուրկ են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական կոչվող խմբավորումները: Խնդիրը, մանավանդ Հայաստանի տիպի քաղաքական համակարգի պայմաններում, տվյալ կազմակերպության դերի մեջ է, որը «արժեւորում» է տվյալ խմբավորմանը երկրի քվոտավորման հարցում: ՕԵԿ-ը երեք անգամ հայտնվել է խորհրդարանում: Առաջին անգամ այն կոչված էր «խախտել» ՀՀԿ-ՀԺԿ մոնոլիտը: Երկրորդ անգամ, երբ Հայաստանում արդեն ձեւավորվում էր այն համակարգը, որն ընդունված է կոչել քրեա-օլիգարխիկ, ՕԵԿ-ի հայտնվելը խորհրդարանում կոչված էր ՀՀԿ-ի «բացարձակ մեծամասնությունը» դարձնել ավելի ծանրակշիռ ու «բազմազան», նաեւ ձայներ տանելով շռնդալից ասպարեզ մտած ԲՀԿ-ց: Բացի այդ, ՕԵԿ-ը ստանձնել էր նաեւ Սերժ Սարգսյանի քաղաքական վերելքի աստիճանավանդակի դերը: Երրորդ անգամ խորհրդարանում հայտնվելն արդեն այս ամենի «իներցիան» էր, մոտավորապես պահպանելով վերը նշված դերակատարությունը, որն առավել «բյուրեղացավ» նախագահի ընտրությունից հետո ստեղծված իրավիճակում, երբ ՕԵԿ-ը հայտնվեց Սերժ Սարգսյանի ճամբարում: Հենց սա էլ դարձավ ՕԵԿ-ի մայրամուտը: Ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ ՕԵԿ-ը դարձավ համընդհանուր պարսավանքի առարկա թե իր գործընկերների, թե ընդդիմախոսների համար: Որքան էլ ՕԵԿ ղեկավարները փորձում են արդարանալ ու հիմնավորել իրենց գործողություններն անցյալում ու ներկայում, ակնհայտ է, որ դրանք ընկալում չեն գտնում թե հանրության, թե նաեւ համակարգի կողմից: ՕԵԿ-ի դերը սպառվել է նաեւ համակարգի տրամաբանության շրջանակում: Այս կուսակցությունը թերեւս ունի չնչին մի հնարավորություն՝ ասպարեզում մնալու համար: Դա ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն է, որի պարագայում հնարավոր է իշխանությունը կրկին դիմի ՕԵԿ-ի օգնությանը: Բանն այն է, որ ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն իրարից ոչնչով չեն տարբերվում. երկուսն էլ սպասարկում են մեկ մարդու քաղաքական ու տնտեսական հավակնությունները, «զանգվածային» են, չունեն գաղափարախոսություն եւ անսահման պոպուլիստ են: Տարբերությունը միայն այն է, որ ԲՀԿ-ն ունի ավելի շատ փող եւ «զինված ուժեր»: Իշխանությունն ինչ որ պահի համենայնդեպս փորձեց «հավասարակշռություն» մտցնել այս հարցում, ՕԵԿ-ի մեջ մտցնելով քրեական տարրերի ու «հեղինակությունների», թե ազատվելով նրանցից, թե պահելով որպես պահեստային տարբերակ: Եթե ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն լինի ընտրական շրջանում, ապա ՕԵԿ-ն ըստ ամենայնի օգտագործվելու է իր «նմանակից» ձայներ խլելու համար: Սակայն, նման հակամարտություն կարծես թե չի սպասվում, համենայնդեպս ներկայում: Ավելին, հայկական մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կարծես թե հանգել են համաձայնության՝ ապագա խորհրդարանի տեղերի բաշխման հարցում: Զուգահեռաբար, մամուլում հաճախացել են այն տեղեկությունները, ըստ որոնց ՕԵԿ-ի գործերը ընտրական շրջանում բավական բարդ են: Մամուլում նույնիսկ գրեթե սակրալ ձեւակերպում է եղել՝ եթե ՕԵԿ-ը հայտնվի խորհրդարանում, ուրեմն ընտրությունը կեղծված է: Այս պայմաններում, երբ ՕԵԿ-ը չունի հասարակությանը համոզելու ռեսուրս, եւ չկա ԲՀԿ-ից ձայներ խլելու անհրաժեշտությունը, կուսակցությունը կհայտնվի խորհրդարանից դուրս: ՀՀԿ-ն, օրինակ, արդեն հայտարարել է, որ ՕԵԿ-ին ձայներ չեն տալու: Ներկայում Հայաստանում փոքրացել է «բլիթը», չկան ռեսուրսներ, եւ ՕԵԿ-ը դառնում է ավելորդ «բերան»: Այդպիսին է մի կուսակցության ճակատագիրը, որը հասարակության մեջ ունեցած իր վարկը սպառել է նեղ, խմբակային նպատակներով, նպաստելով այն համակարգի ձեւավորմանը, որը ուզուրպացրել է Հայաստանի կենսագործունեության բոլոր ոլորտները եւ մսխել երկրի բոլոր հնարավորությունները: Նույն ճակատագիրն է սպասվում նաեւ ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին: Դրանից Հայաստանն ու հայ ժողովուրդը բացառապես կշահեն: Հայկ Արամյան

No comments: