Wednesday, February 15, 2012

Կգա ժամանակը եւ Բելառուսը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Բելառուսի ԱԺ փոխխոսնակ

News.am. 14-2-2012- Երեւանում գտնվող Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը փետրվարի 14-ին այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ ու ծաղկեպսակ դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը գլխավորել են հանձնաժողովի համանախագահ, Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին եւ ՀՀ եւ ԲՀ ԱԺ-ների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Բարձրաստիճան հյուրերը եղել են ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։ Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահը գրառում է կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։ «Ծանր է խոսել այս փաստի մասին, այն հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի տարիները, երբ Բելառուսում երեք միլիոն մարդ զոհվեց։ Ես շնորհակալություն եմ հայտնում այն հայ մարդկանց, ովքեր որոշեցին կառուցել այս հուշակոթողը, որպեսզի հավերժացվի 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում զոհված հայերի հիշատակը։ Նմանօրինակ հուշակոթող կա Բելառուսի Խատինում։ Պետք է հիշողությունը սերնդեսերունդ փոխանցել, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն»,-իր տպավորությունները ներկայացնելով` նշել է Վիկտոր Գումինսկին։ Անդրադառնալով Բելառուսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, պարոն Գումինսկին կարծիք է հայտնել, որ կգա ժամանակը, եւ իրենք էլ կանդրադառնան այդ հարցին։ «Բայց այն շատ լուրջ է, դրան պետք է մոտենալ հավասարակշռված եւ ընդունել մեր երկրին արժանի որոշում»,-նշեց նա։

No comments: