Saturday, February 11, 2012

Սերժ Սարգսյանը հուսախաբվե՞ց

«Լրագիր» 10-2-2012- «Տարոն, դու մեզ ու բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես», ասել էր Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնամուտի եւ երդման արարողությանը: Փետրվարի 10-ի առավոտյան Երեւանը կաթվածահար էր, իսկ իրավիճակը քաղաքում մեծ հաշվով էական փոփոխության չէր ենթարկվել նաեւ կեսօրին եւ երեկոյան մոտ: Խոսել ծայրամասերում առկա վիճակի մասին, թերեւս ընդհանրապես ավելորդ է, իսկ շենքերի բակերը հիշեցնում են «հավերժական ձյան» մասին: Ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստ չի եղել ձյան առատ տեղումներին, այլապես կձեռնարկվեին նախապատրաստական գործողություններ, կմոբիլիզացվեին հավելյալ ուժեր՝ պետական այլ ծառայություններից, որոնք կարող էին օգնել ստեղծված կամ ստեղծվելիք իրավիճակում: Այդ ամենը կամ չէր արվել, կամ արվել է շատ ուշացումով, բազմաթիվ անհարմարություններ պատճառելով երեւանցիներին: Հետաքրքիր է, ստեղծված իրավիճակը արդյոք հուսախաբ արել է Սերժ Սարգսյանին: Նա անձամբ իհարկե հազիվ թե ձյան պատճառած անհարմարությունները զգացած լիներ, բայց, պարզապես հետաքրքիր է, թե արդյոք Սարգսյանը ծանոթ է փետրվարի 10-ի Երեւանի պատկերին, ծայրամասերի եւ բակային տարածքների պատկերին: Եթե այո, ապա ինչպես է վերաբերում դրան: Տարոն Մարգարյանն իր մասին հիշատակելիս՝ Ամանորին մանկապարտեզի երեխաներին ուղղված շնորհավորական շոկոլադե սալիկների վրա, շենքերի վերելակներում տեղադրված շնորհավորական ուղերձների վրա, Երեւանի քաղաքապետ լինելուց բացի, շեշտում է նաեւ ՀՀԿ Խորհրդի անդամ լինելու հանգամանքը: Իսկ ՀՀԿ նախագահը գո՞հ է իր կուսակցական քաղաքապետի աշխատանքից, հուսախաբ եղել է արդյոք ձմեռային դրվագից, թե դա հենց դրվագ էլ համարում է, մտածելով, որ մյուս բոլոր առումներով Տարոնն արդարացնում է իր հույսերը:

No comments: