News.am. 16-2-2012- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նկատմամբ Թուրքիայի արձագանքը ցույց է տալիս, որ պրն Էրդողանը ցանկանում է թուրք հանրության շրջանում բացասական զգացմունքներ առաջացնել Ֆրանսիայի նկատմամբ, ինչպես դա արեց Իսրայելի պարագայում: Այդ մասին «Armenian Weekly» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, օրենքի համահեղինակ Գարո Յալիչը:
«Երկրորդը` կարծում եմ, որ եթե Թուրքիան ցանականում է դառնալ ԵՄ մաս, ապա Անկարային անհրաժեշտ է ընդունել նման տիպի օրենքները: Օրենքի հիմնական նպատակն ատելության սերմանման արգելումն է»,-հայտարարել է նա:
Պատասխանելով հարցին, թե Ֆրանսիայում ավելի շատ թուրքեր են ապրում, թե հայեր, քաղաքական գործիչն ասել է, որ պաշտոնապես թուրքերն ավելի շատ են: «Սակայն հնարավոր չէ որոշել ֆրանսահայերի թիվը: Նրանցից շատերը Ֆրանսիա են եկել 18-րդ դարի 90-ականներին եւ անցած դարի սկզբին: Եղել են շատ խառն ամուսնություններ, եւ իրական թիվը հնարվոր չէ նշել»,-ասել է Յալիչը:
Նրա խոսքով` թուրք առաջնորդները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց քաղաքացիներին` բաձրագոչ հայտարարություններով հանդես գալու փոխարեն: «Ավելի քան 100 հազ. թուրք է աշխատում ֆրանսիական ընկերություններում: Ամեն տարի ֆրանսիացի զբոսաշրջիկներն ավելի քան մեկ մլն եվրոյի եկամուտ են բերում Թուրքիային: Նրանք մոռանում են այդ մասին»,-ընդգծեց նա:
«Եթե մենք շոկային թերապիա չկիրառենք, Թուրքիան երբեք իր մեջ քաջություն չի գտնի ետ նայելու եւ իր պատմության հետ առերեսվելու համար: Մենք պետք է ապագա կառուցենք: Գրեթե հարյուր տարվա ժխտողականությունից հետո: Բավական է. ոչ հայերը, ոչ թուրքերն արժանի չեն դրան»,-եզրափակել է քաղաքական գործիչը:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment