Thursday, February 16, 2012

Պատգամավոր. Թուրքիան անկանխատեսելի ու ոչ վստահելի պետություն է

Panorama.am. 15-2-2012- Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը մասնակցել է քաղաքացիական հասարակության երկխոսությանը նվիրված հերթական համաժողովի: Թուրքական «Haber5»-ի տեղեկացմամբ՝ իր ելույթում Էգեմեն Բաղըշը ժամանակակից Եվրոպան բնութագրել է որպես ֆաշիզմի մեջ պարուրված աշխարհամաս, որտեղ իբրև թե քիչ-քիչ վերանում է հանդուրժողականությունը` օրինակ բերելով ֆրանսիական օրենսդիրի ընդունած Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը: Թուրք նախարարը նշել է, որ երիտասարդությանը թմրամոլության և ահաբեկչության մեջ ներքաշող Եվրոպան երբեք օրինակ չի կարող լինել Թուրքիայի համար: Միաժամանակ թուրք պաշտոնյան կոչ է արել Գերմանիային՝ ուսումնասիրության համար բացել իր արխիվները: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց փորձագետների ու քաղաքական գործիչների հետ: Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը թեմայի առնչությամբ ասաց. «Նախևառաջ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ նման հայտարարություն է հնչեցնում մի պաշտոնյա, ով ի պաշտոնե համակարգում է Եվրամիության հետ փոխհարաբարությունները և ջանքեր է գործադրում, որպեսզի իր երկիրը դառնա ԵՄ անդամ: Եթե Թուրքիայում կարծում են, որ ԵՄ-ն փոխել է իր արժեհամակարգը, ապա տարօրինակ է, թե ինչո՞ւ է Թուրքիան շարունակում է իր ձգտումները՝ դառնալու ԵՄ անդամ: Չպետք է մոռանանք, որ նույն Թուրքիան է, որն ունի արժեհամակարգի ճգնաժամի խնդիր, այդ նույն Թուրքիան է, որն իր օրենսդրության մեջ ունի տխրահռչակ 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է խոսքի ազատությունը: Դա է խոսքի ազատության սահմանափակումը, այլ ոչ թե պատմական արդարության բարձրաձայնումը: Մեկ հանգամանք ևս. ինչո՞ւ խոսքի ազատության տեսանկյունից, Թուրքիայի մոտ կասկածի տեղիք չի տալիս հրեաների Հոլոքոստի մասին օրինագծերը, որոնք ընդունվել են մի շարք եվրոպական երկրներում: Ինչո՞ւ է ամեն անգամ Թուրքիան վայնասուն բարձրացնում, երբ որևէ երկրում այս կամ այն կերպ բարձրաձայնվում է Հայոց ցեղասպանության թեման: Անխոս, Թուրքիան իր պաշտոնական քաղաքականությունը կառուցում է երկկակի չափանիշների հիման վրա: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ թուրք պաշտոնյայի այդ հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ այդ երկրի ղեկավարության ու որդեգրած քաղաքական կուրսը միմյանց հակասում են. «Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է դառնալ քաղաքակիրթ Եվրոպայի մի մասնիկը, ապա նա այդպիսի հայտարարություններ չէր հնչեցնի: Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ իր երկրի ծայրահեղական, արմատական գաղափարները ոչ մի ընդհանուր բան չունեն եվրոպական արժեքների, արժեքային համակարգի հետ»: Ըստ պատգամավորի՝ միջազգային հանրությունը գիտակցում է՝ Թուրքիան անկանախատեսելի ու ոչ վստահելի պետություն է: Անդրադառնալով Է. Բաղըշի մեկ այլ` գերմանական արխիվները բացելու Գերմանիային ուղղված հայտարարությանը, թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ կարևոր է այստեղ այն, որ նման կոչով Է. Բաղըշը դիմել է հենց Գերմանիային: «Սրանով, կարծում եմ՝ Թուրքիան ցանկանում է մի քանի խնդիր լուծել և գնալ իր տեսակետից խորամանկ ու լավ հաշվարկված քայլի: Այս համատեքստում պետք է հաշվի առնել նաև Գերմանիայի բացասական դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում: Սրանով թուրքական կողմը փորձում է ցույց տալ, որ նույնիսկ տվյալ հարցում Թուրքիայի նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցող Գերմանիան կարող է ունենալ «անկողմնակալ» մոտեցում` ի տարբերություն Ֆրանսիայի: Առաջինը` քայլ է կանխելու նման զարգացումների հնարավորությունը Գերմանիայում, ինչ եղավ Ֆրանսիայի պարագայում: Սրանով Թուրքիան հնարավոր է` փորձում է հասկացնել Գերմանիային` ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններից և արխիվները պատմաբանների առջև բացելու կոչով խնդիրը կենտրոնացանել առավելապես պատմական քննարկման հարթությունում: Սա է Թուրքիայի սկզբունքային խնդիրը, քանի որ Գերմանիայում կան քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայի օրինակին հետևելու առաջարկությամբ և Ֆրանսիայում օրինագծի ընդունումից հետո հասարակական-քաղաքական դաշտում քննարկում սկսվեց, մի շարք պատգամավորներ ու քաղաքական գործիչներ հանդես եկան Ֆրանսիայի օրինակին հետևելու առաջարկներով, սա անհանգստացնում է Թուրքիային: Երկրորդը` հնարավոր է, որ Թուրքիան այս հարցով դիմել է Գերմանիային` համոզված լինելով, որ Հայոց ցեղասպանության մեջ մեղսակցություն ունեցող Գերմանիան ընդառաջ կգնա Թուրքիայի նախաձեռնությանն ու առաջարկներին: Այս համատեքստում, սա մեկ քայլ է եվրոպական հարթության մեջ, Գերմանիայի միջոցով փորձել «անհարմար» վիճակում գցել Ֆրանսիային: Միգուցե Թուրքիան նպատակ է հետապնդում նման քայլերով հիմնավորել Ֆրանսիայի «կողմնակալությունը» Ցեղասպանության հարցում: Պատահական չէ, որ Բաղըշը կոչ է արել Գերմանիային` հանդես գալու որպես միջնորդ Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև այդ հարցում»: Ինչ վերաբերում է գերմանական արխիվների բացելուն, ապա ըստ Լ. Հովսեփյանի՝ դա երկրորդային հարց է, քանի որ, հենց նույն գերմանական արխիվային բազայում փաստաթղթեր արդեն իսկ ապացուցել են թե՛ Հայոց ցեղասպանության անվիճարկելիության, և թե՛ Կայսերական Գերմանիայի մեղսակցության փաստը:

No comments: