Monday, March 12, 2012

«Խոջալուի ցույցով» Թուրքիան պատրաստվում է 2015 թ.-ին. Թաներ Աքչամ

Tert.am. 12-3-2012-Թուրք պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Աքչամը թուրքական Taraf օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված ցույցին, որի ընթացքում նաև ֆաշիստական ցուցապաստառներ ու կարգախոսներ էին եղել: Նրա խոսքով` թուրքերը պետք է առերեսվեն պատմության` քրիստոնյաներին առնչվող իրադարձություններին, այլապես Թուրքիան ավելի ժողովրդավար չի դառնա: «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է մոտենում և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցույց է տալիս, որ կարող է ռասիզմ կիրառել. «Դուք եթե ինձ ճնշեք, ես էլ Խոջալուի և Ադրբեջանի հարցը կօգտագործեմ մեսիջն է թողնում»,- ասել է Աքչամը: Նա խորհուրդ է տվել մինչ Խոջալուի ցույցին անդրադառնալը ավելի հետ նայել: «Նախ այս երկրում Հրանտ Դինք անունով քաղաքացին սպանվեց: Նրա սպանությունը կազմակերպելու համար կասկածվող անձինք կառավարության կողմից պաշտպանվեցին: Խոջալուի հանրահավաքից 10 օր առաջ էլ քաղաքապետարանի աջակցության վահանակների վրա աֆիշներ փակցվեցին` «հայերի ստերին մի հավատա» գրություններով», - ասել է նա: Աքչամի պնդմամբ, Ստամբուլի քաղաքապետարանի և կառավարության աջակցությամբ փակցված այդ պաստառներում ևս հայերի հանդեպ թշնամանք էր սերմանվում: «Հետո էլ ներքին գործերի նախարարի մասնակցությամբ տեղի ունեցող ցույցին հայտարարեցին` «Մենք Օգյուն Սամասթներ ենք, որտե՞ղ են բոլորս Հրանտ Դինք ենք» ասողները: Հիմա վարչապետ Էրդողանին եմ հարցնում, եթե օրինակ Բեռլինում պաստառներ լինեին` «թուրքերի ստերին մի խաբվեք», կամ Նյու Յորքում` «մուսուլմանների ստերին մի հավատացեք», ինքը ի՞նչ կաներ», - հարցնում է թուրք պատմաբանը: Նրա խոսքերով` Թուրքիայում ծայրահեղ ազգայնամոլական, ռասիստական «կող» ունի, բայց այն մինչ Խոջալուի հանրահավաքը, այդքան բացահայտ չէր դրսևորվել: Պանթյուրքիզմի և հայության հանդեպ թշնամության դրսևորումներն այդքան բացահայտ չէին եղել: «Հրանտի սպանությունից հետո առաջին անգամ Թաքսիմի հրապարակում, հայտարարեցին` «մենք Օգյուն Սամասթ ենք»: Այդ ծայրահեղական դրսևորումները լավ նշան չեն, սակայն մյուս կողմից էլ լավ է, որ ռասիզմն ու ծայրահեղ ազգայնամոլությունը բացահայտվում է»,- ասել է նա: Հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ է Խոջալուին նվիրված հանրահավաքի իրական նշանակությունը, Աքչամը պատասխանում է. «Ակցիան ցույց տվեց, որ այս երկրում հայ քաղաքացիների կյանքն ապահով չէ: Ներքին գործերի նախարարը, որ նաև հայազգի քաղաքացիների կյանքի համար է պատասխանատու, մասնակցում է մի հանրահավաքի, որտեղ հայտարարում են, թե «թափված արյունը գետնին չի մնալու»: Դա նշանակում է, որ Թուրքիայի քրիստոնյաների կյանքը վտանգված է»:

No comments: