Thursday, March 1, 2012

Հնարավո՞ր է ԱՄՆ պահանջ Հայաստանին

Անհնար է ուշադրություն չդարձնել, որ երկար ժամանակի ընթացքում (մոտ 1995-ից 2011 թթ) ԱՄՆ-ն գրեթե չի փորձել Հայաստանին պահանջներ ներկայացնել Իրանի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Ամերիկացիներին հետաքրքրել են հայ-իրանական հարաբարությունների յուրահատուկ հատկություններով մի շարք հարցեր, եւ նրանք լուծել են այդ հարցերը Հայաստանի համար առանց որեւէ վնասի: Ավելին, թերեւս ԱՄՆ-ն որոշ չափով շահագրգռված է դրանում՝ կապված հայկական միջավայրում ամերիկա-իրանական շփումների ստեղծման հույսերի հետ: Հայաստանն առաջիններից մեկն էր, որտեղ տեղի են ունեցել ԱՄՆ եւ Իրանի հետախուզական ծառայությունների եւ դիվանագիտական ներկայացուցիչների միջեւ գրեթե ոչ պաշտոնական շփումներ: 2001 թ նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին ԱՄՆ-ն երկու անգամ փորձել է ճնշում գործադրել Հայաստանի վրա Իրանի հետ հարաբերությունների հարցով: Դա շատ տարօրինակ եւ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության համակարգում չտեղավորվող է թվում: Ամերիկացիներն այդպես էլ չեն բացատրել այդ պահանջների էությունը: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չի նահանջել, քանի որ նահանջելով իրանական ուղղությամբ քայլերից, կզրկվեր արտաքին քաղաքականության կարեւոր լծակներից: Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած ավելի քան հաջող այցից հետո ԱՄՆ դեսպանը հայ փորձագետների հետ մասնավոր զրույցում հայտարարել է, որ հայկական ղեկավարությունը ճիշտ չի հասկացել, թե ինչի է ձգտում ԱՄՆ-ն: Եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ լարված հարաբերությունները, Վրաստանի եւ Իրանի միջեւ որեւէ առարկայական հարաբերության բացակայությունը լիովին ձեռնտու են ԱՄՆ-ին, ապա միայն Հայաստանը չէր տեղավորվում ԱՄՆ քաղաքականությունում: Սակայն այդ փորձերը բացատրելու համար Հայաստանին պահանջներ ներկայացնելը նշանակում է Իրանի նկատմամբ հետեւողականորեն «նոր շրջափակման» եւ տարածաշրջանային մեկուսացման քաղաքականություն վարել: Եթե ավելի վաղ ԱՄՆ-ն դիտարկում էր Հայաստանը գերազանցապես ամերիկա-ռուսական եւ մասամբ ամերիկա-իրանական հարաբերությունների հունում, ապա նոր պայմաններում Հայաստանը ԱՄՆ կողմից ավելի շատ դիտարկվում է ամերիկա-թուրքական հարաբերությունների լույսի ներքո: Հատկանշական է, որ ամերիկացիները եւ նրանց եվրոպական գործընկերներն այլեւս չեն բարձրացնում Մեղրիի «միջանցքի» հարցը, չեն պնդում որոշակի տրանսպորտային ուղղությունների բացումը, եւ թերեւս, շահագրգռված չեն Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցմամբ, քանի որ ամերիկյան քաղաքականությունը ենթադրում է Թուրքիայի աշխարհաքաղաքական եւ քաղաքական մեկուսացում: Մեծ Բրիտանիան իրանա-հայկական հարաբերությունները դիտարկում է բացառապես էներգահաղորդակցության անվտանգության խնդիրներից ելնելով: Հայաստանին պահանջներ առաջադրելուց առաջ ԱՄՆ-ն պետք է լուծի Իրանի հետ Թուրքիայի, Ադրբեջանի եւ բազմաթիվ այլ պետությունների լայն առեւտրային հարաբերությունների հարցերը: Բացի այդ, աբսուրդ կլիներ Հայաստանի վրա ԱՄՆ ճնշումը այդ հարցով, քանի որ Արեւմտյան հասարակայնությունը տնտեսապես աջակցում է Հայաստանին եւ նրա տնտեսությունը փլուզելու իմաստ չկա: Իգոր Մուրադյան

No comments: