Tert.am. 29-2-2012- «Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքն Իրանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու ևս մեկ փորձ է»,- ռուսալեզու Georgiatimes.info կայքի հետ զրուցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը` մեկնաբանելով Բաքվի` Թել Ավիվից նոր սպառազինություն գնելու մասին տեղեկությունը:
Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնյաները փետրվարի 26-ին հաստատեցին մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ադրբեջանն Իսրայելից անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է գնելու, հայտնի է նաև գործարքի ընդհանուր արժեքը` 1,6 մլրդ դոլար:
«Բաքվի և Թեհրանի հարաբերություններն անընդհատ սրվում են: Անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության նոր համակարգերի վաճառքն Ադրբեջանին պետք է, որ մեծացնի Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում ընդհարման աստիճանը: Կարելի է ենթադրել, որ իսրայելյան զենքն ամրապնդելու է Ադրբեջանի դիրքերը Հայաստանի նկատմամբ,-ասել է Ջեմալը և հավելել,- Իսրայելցիները, ինչպես որ ամերիկացիները մշտապես պայմաններ են դնում, թե ինչ նպատակների համար պետք է ծառայի իրենց զենքը: Կարծում եմ, որ Թել Ավիվի և Բաքվի միջև գործարքն Իսրայելի` Իրանին ուղղված «ազդանշան է»: Իսկ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսմանը, ապա դա ժամանակի հարց է: Հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները տասնամյակներ շարունակ ծայրահեղ լարված են»:
Վերջին շրջանում իրանա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում. օրեր առաջ պաշտոնական Թեհրանը բողոքի նոտա հղեց Բաքվին` ադրբեջանական կողմին իսրայելյան հատուկ ծառայություններին աջակցելու և իրանցի ֆիզիկոս միջուկագետների սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրելով:
Իսկ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրանի հատուկ ծառայությունների տնօրինության տակ հայտնվեց բրիտնականTimes of London-ում հրապարկված հոդվածներից մեկը, որում Իսրայելի արտաքին հետախուզության` «Մոսադի» աշխատակիցը պատմում էր, թե գերատեսչությունն ինչպես է «աշխատում» Ադրբեջանում: Աշխատակիցը գրել էր, որ «Մոսադը» տեղի մի քանի հատուկ ծառայությունների հետ կանգնած է բոլոր վերջին շրջանում Իրանում տեղի ունեցող դիվերսիաների, այդ թվում ֆիզիկոս-միջուկագետ Մուստաֆա Ահմադի Ռոշանի սպանության ետևում:
Կայքի զրուցակիցն վերոնշյալ մեղադրանքներն անհիմն չի համարել: «Կարծում եմ` դա այնքան ակնհայտ է, որ լրացումների կարիք չունի: Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, այդ թվում ռազմական ոլորտում: Բաքվի և Թել Ավիվի ռազմական համագործակցությունն սերտ կապեր է ենթադրում նաև ռազմական հետախուզության, մասնավորապես, հետախուզական տեղեկությունների և օպերատիվ միջոցառումների ոլորտում»,-ասել է Հեյդար Ջեմալը:
Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահը հավելել է, թե հարավկովկասյան տարածաշրջանում այժմ շահերի բարդ աշխարհաքաղաքական թնջուկ է ստեղծվել: «Իրանը հակաիսրայելյան դիրքորոշում ունի (վերջին շրջանում ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություն է տարածվում, թե Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի վրա` վերջինիս «միջուկային օբյեկտները ոչնչացնելու» համար- Tert.am), Թուրքիան այժմ ևս հակաիսրայելյան դիրքորոշում ունի (Անկարայի ու Թել Ավիվի միջև հարաբերությունները նկատելիորեն սառեցին 2010թ. Միջերկրական ծովում տեղի ունեցած այդ միջադեպից հետո. իսրայելական բանակի կողմից Գազայի հատված ուղևորվող «Ազատության նավատորմի» կալանման հետևանքով զոհվել էր 19 մարդ, որից 9-ը թուրք–Tert.am): Իրանի և Թուրքիայի դիրքորոշումները քիչ թե շատ համընկում են, և նրանք համաձայնեցնում են իրենց գործողությունները: Իրանը, սակայն, պաշտպանում է Բաշար Ասադին(Սիրիայի նախագահ, որի հրաժարականի պահանջով ցույցերն այդ երկրում չեն դադարում անցած տարվա մարտից- Tert.am), իսկ Թուրքիան ողջ ուժով փորձում է տապալել Բաշար ալ Ասադի` Իրանի հիմնական դաշնակցի ռեժիմը: Իրանն աջակցում է Հայաստանին, որը «գժտված է» Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Իսկ Ադրբեջանը «գժտված է» Հայաստանի և Իրանի հետ:
Բաքուն փորձում է ցույց տալ, թե Թուրքիայի հետ իր հարաբերությունները լավ են, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերություններն օրեցօր վատթարանում են: Այս կծիկի մեջ միություններն ու հակադրությունները խճճված են, դրանք ունեն ոչ գծային տրամաբանություն: Ադրբեջանին զենքի վաճառքը Թեհրանի վրա` հոգեբանական ճնշման ևս մեկ վեկտորի ստեղծման փորձ է»,-եզրափակել է Ջեմալը:
Հավելենք միայն, որ Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը հայտարարել է, թե Իսրայելից գնած սպառազինությունն Ադրբեջանն օգտագործելու է «Ադրբեջանի օուպացված տարածքները» ազատագրելու համար:
Thursday, March 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment