Monday, March 5, 2012

Սիրիան որպես Թուրքիայի վրա հարձակման սուննիական պլացդարմ

Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում որոշակիորեն շփոթված են եւ շարունակում են լիովին ստանդարտ եւ ոչ այնքան ստեղծագործ առաջարկներ անել Սիրիայի եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հարցում: Թուրքիան փորձում է օգտվել արաբական աշխարհում սուննիական քաղաքական շրջանակների պահանջներից եւ տարածաշրջանում շիական համայնքների դեմ սուննիների գործընկեր դառնալ: Հասկանալի է, որ «սուննիական շրջանակներ» հասկացությունը շատ հեղհեղուկ է եւ դրա տակ կարելի է հասկանալ ամեն ինչ: Սակայն հազիվ թե կարելի լինի օրինակ բերել ժամանակակից արաբական պատմությունից, երբ սուննի երկրները եւ ուժերն այսքան միավորված եւ համերաշխ լինեն, որքան այժմ: Նույնիսկ Իսրայելի հարցում արաբ-սուննիների նման միասնականություն չկա: Բացի այդ, լիովին հասկանալի է, որ արաբական կառավարությունները եւ հարգարժան շրջանակները Սիրիայի իշխող վարչակարգի դեմ պայքարում չեն կարող գործել առանց առավել արմատական խմբավորումների մասնակցության եւ համագործակցության: Զուր չէ, որ ՀԱՄԱՍ-ը Սիրիայի դեմ պայքարի մեջ է մտել, սակայն պետք չէ մտածել, որ այդ դեպքում տեղ ունեն միայն ֆինանսական շահերը: Այս ամենը խիստ կապված է կրոնական գաղափարախոսությանը: Գոյություն ունի նաեւ մաքուր քաղաքական պրագմատիզմ: Բանն այն է, որ տարբեր մտածողությամբ եւ գործունեության ուղղություններով պաղեստինցիները երկար ժամանակ կախված են եղել սիրիական վարչակարգի կամքից, որը շատ խոցելի է դարձել եւ չկարողացավ առավել արմատական աջակցություն ցուցաբերել պաղեստինցիներին, եւ թերեւս որոշում է ընդունվել Սիրիայում իշխանության բերել իրենց համար առավել «հասկանալի» սուննի վարչակարգի: Օրինակ, Լիբանանում միմյանց նկատմամբ ոչ այնքան բարեկամաբար տրամադրված այնպիսի ուժերը, ինչպիսիք են սուննիական «Ալ-Մուսթակբալ» կուսակցությունը եւ աջ քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, լիովին համերաշխ են Սիրիայի ներկայիս վարչակարգի հեռացման հարցում: Այսինքն, այդ խնդրի լուծմամբ շահագրգռված են ամենատարբեր կողմեր, ինչը կարող է հանգեցնել արաբական կառավարությունների եւ Ալ-Քաիդայի միջեւ համերաշխ որոշումների կայացմանը: Միաժամանակ չպետք է մոռանալ, որ Սաուդյան Արաբիան եւ արաբական աշխարհում նրա գործընկերները բավականաչափ համաձայնեցված հանդես են եկել Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ազդեցության ուժեղացման դեմ, եւ միայն Սիրիայի դրությունն է որոշակիորեն փոխել իրավիճակը: Սակայն առավել արմատական աշխարհաքաղաքական եւ ազգայնական խնդիրները սպառված չեն: Եթե Սիրիան ընկնի սուննիական պետությունների եւ արմատական կազմակերպությունների վերահսկողության տակ, այն Թուրքիայի վրա հարձակումների պլացդարմ է դառնալու: Որովհետեւ, եթե ալավիական վարչակարգի հարցը լուծվի, առաջ կգա Թուրքիայի հարցը, որպես «քաղաքակրթորեն կտրված» երկրի, ԱՄՆ եւ Իսրայելի գործնկերոջ, ՆԱՏՕ-ի անդամի, որը համագործակցում է Իսլամի ամենաոխերիմ թշնամիների հետ: Ադրյոք հասկանում են դա թուրքերը: Իհարկե: Անկարայում տարածաշրջանն ավել լավ են հասկանում ու ճանաչում, քան որեւէ այլ մեկը, եւ եթե Անկարան ինչ-որ փուլում ճիշտ չի հաշվարկել, ապա միայն որոշակի սահմանափակ առումով: Մերձավոր Արեւելքում այդ իրավիճակի խնդիրն այն է, որ բոլոր քաղաքական սուբյեկտները խաղի մեջ են մտել առանց հեռանկարները լիովին եւ հստակ հասկանալու: Դրանում ոչ մի զարմանալի եւ անսովոր բան չկա, սակայն իրավիճակը չափից դուրս վտանգավոր է եւ հղի է բազմաթիվ սպառնալիքներով եւ ռիսկերով: Արաբական պետությունները սովորել են համագործակցել ում հետ ասես, սակայն դա չի նշանակում, որ նրանք մոռանում են իրենց շահերը: Արաբական վերնախավերը թույլ չեն տա Մերձավոր Արեւելքում Թուրքիայի էքսպանսիան: Այդ առումով նրանց շահերը համընկնում են ԱՄՆ եւ Եվրոպայի, նույնիսկ Իսրայելի եւ Իրանի նպատակների հետ: Թուրքիայի աշխարհաքաղաքական արգելափակումն ուժեղացնելու միջոցներից մեկը արմատական սուննի կազմակերպությունների միջոցով նրա վրա մասշտաբային հարձակումների կազմակերպումն է: Սիրիայի իրադարձությունները, ինչպես նաեւ տարածաշրջաններում քաղաքական խաղերի բարդացումն արագացրել են «դաշնակից» եւ «գործընկեր» հասկացությունների արժեզրկումը եւ դարի օրակարգից վերնջնականապես հանել են «ռազմավարական գործընկեր» հասկացությունը: Թերեւս եկել է միջազգային համագործակցությանն առավել համարժեք բնորոշումներ տալու ժամանակը: Ով մտածի այդ բնորոշումը, թերեւս հետմահու կպարգեւատրվի: Իգոր Մուրադյան

No comments: