Wednesday, March 21, 2012

Աթենքում տեղի ունեցավ «Հիշելով Վիլյամ Աարոյանին» ցուցահանդեսի բացումը

«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 20.03.2012.- Հունաստանում մեկնարկած հայկական մշակույթի օրերի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին, Աթենքում ՀՀ դեսպանության ու Հունաստանի ազգային գրադարանի հովանավորությամբ և «Հայ-հունական հետազոտությունների կենտրոնի» նախաձեռնությամբ, սույն թվի մարտի 19-ին, երեկոյան ժամը 18:30-ին, Հունաստանի ազգային գրադարանի կենտրոնական սրահում կատարվեց` «Հիշելով Վիլիամ Աարոյանին» ցուցահանդեսի բացումը: Ցուցհանդեսի համար, ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից` Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, և Միջին Արևելքից` Իրանից և Լիբանանից, ինչպես նաև Հայաստանից և Հունաստանից ի մի էին բերվել Սարոյանի բազմաթիվ գրքերի բնագրերն ու թարգմանությունները ու նաև կտրոններ տեղական թերթերի անդրադարձերից, Սարոյանի` լուսանկարներ և աշխատություններից հատվածներ: Ցուցահանդեսի բացումը հերթաբար կատարվեց Հունաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն` տիկին Տոնիա Արախովայի և ապա տնօրեն, համալսարանի պրոֆեսոր` պրն. Մուցոպուլոսի բարի գալստյան խոսքերով, որից հետո ՀՀ դեսպան պրն. Գագիկ Ղալաչյանը, ի հարգանք Սարոյանի հիշատակին, հայերենով ողջույնի խոսք ուղղեց ներկաներին: Նա անդրադառնալով Սարոյանի գործին և կյանքին, մասնավորապես մեջբերեց Սարոյանի հետևյալ խոսքը. «Թեև անգլերեն եմ գրում, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ», որը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա: Դեսպան Ղալաչյանի խոսքերը նույն պահին հունարենի էր թարգմանում «Հայ-հունական հետազոտությունների կենտրոնի» պատասխանատու` պրն. Հովսեփ Քասեսյանը, ով այնուհետ նույն կենտրոնի անունից խոսեց՝ կազմակերպված միջոցառման նշանակության մասին: Օրվա առիթով, որպես հիմնական բանախոսներ, հանդես եկան գրող-ակադեմիկոս Թանասի Վալտինոսը և Աթենքի համալսարանի պրոֆեսոր` Ֆոտիոս Դիմիտրակոպուլոսը: Վերջիններս մանրամասնորեն անդրադարձան Սարոյանի կյանքին և ստեղծագործությանը` մեջբերելով հատվածներ մեծ գրողի հայտնի գործերից: Երիտասարդ ուսանողուհի Կաթրին Աճեմյանի ելույթը օրվա անակնկալն էր: Նա խոսեց իր պատանեկան շրջանի և ապա ուսանողական կյանքի վրա Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների թողած հետքերի մասին: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև 2012 թ. Ապրիլի 13-ը:

No comments: