Thursday, March 8, 2012

Մեկնարկում է կանանց մեկամսյակը. Գեղեցիկ սեռը` ուշադրության կենտրոնում

Panorama.am. 8-3-2012- Այսօր Կանանց միջազգային տոնն է և խորհրդանշում է սեր, քնքշություն ու ջերմություն: Իրականում այս տոնի հիմքերը ու առաջացման պատճառները խիստ քաղաքական են, և ի սկզբանե քնքշության մասին խոսք չէր կարող լինել: 1857-ի մարտի 8-ին Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները ցույցի են դուրս եկել` պահանջելով աշխատաժամանակի կրճատում ու աշխատանքի պայմանների բարելավում: Այդ ժամանակ տղամարդիկ ստիպված են եղել զիջումների գնալ, և բանվորուհիների պահանջները կատարվել են: Իսկ ահա 1910-ին Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալիստ կանանց միջազգային մի կոնֆերանսում գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկել է տոնել մարտի 8-ը որպես կանանց իրավունքի պաշտպանության և տղամարդկանց իրավունքների հետ հավասարության օր: Եվ ահա այդ ժամանակներից մարտի 8-ը նշվում է որպես Կանանց Միջազգային օր: Մեր օրերում մարտի 8-ն այլևս քաղաքականության հետ կապ չունի. սա մի օր է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հիշելու առանձնակի ջերմությամբ, ուշադրությամբ ու խոնարհումով, հիշեցնելու, որ սիրում եք նրանց ու գնահատում: Կանանց մեծարման օրը առաջացել է դեռ Հին Հռոմում. այն ժամանակ այդ տոնը նշել են ամուսնացած կանայք, որոնք իրենց տղամարդկանցից նվերներ են ստացել ու շրջապատված են եղել ուշադրությամբ ու խնամքով: Այդ օրերին ստրկուհիները ազատվել են իրենց պարտականություններից: Հռոմեացի կանայք այդ օրը հագել են իրենց լավագույն զգեստները ու գնացել Վեստա աստվածուհու տաճար: Ֆրանսիայում, Գերմանիայում ու Լեհաստանում այս տոնը կա, բայց աշխատանքային է: Ոչ աշխատանքային է համարվում ԽՍՀՄ նախկին երկրներում, ինչպես նաև Անգոլայում, Բուռկինա-Ֆասոյում, Կամբոջայում, Չինաստանում, Կոնգոյում, Լաոսում, Մակեդոնիայում, Մոնղոլիայում, Նեպալում, Ուգանդայում, Հյուսիսաին Կորեայում: Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, ևս նշում են մարտի 8-ը և թերևս միակ երկիրն է, որտեղ կանանց ջերմությամբ հիշում ու մեծարում են նաև ապրիլի 7-ին` Մայրության օրը: Այսօր Հայաստանում կառավարության որոշմամբ, ոչ աշխատանքային օր է:

No comments: