1in.am. 29-2-2012- Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին խութեր շատ են հանդիպելու, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից հայկական օրինագծի հակասահմանադրական ճանաչումն էր, բայց թեկուզ այս ճակատամարտը հայկական կողմը տանուլ տվեց, սակայն՝ ամբողջ պատերազմը՝ ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Սա այն դեպքն է, երբ պետք է զինվենք համբերությամբ և փորձենք նույն ճանապարհով անցնել: Բայց այստեղ անելիք ունի նաև ֆրանսիական կողմը: Օրինագծի մերժման փուլը չնախատեսված ձևով առաջ եկավ: Բոլորս էլ հասկանում ենք, թե ներֆրանսիական բոլոր հաշվարկներն ինչին են միտված: Անկախ այն բանից՝ հաղթանակ կհամարեն թուրքերը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից հայկական օրինագծի մերժումը, թե ոչ, այդուհանդերձ մենք մի շատ կարևոր բան ենք մոռանում. երբ կա ճանաչման գործընթաց, բայց մենք չենք կարողանում ներազդել այդ գործընթացի վրա, այդուհանդերձ, գործընթացն ինքնին նպաստում է Ցեղասպանության մասին իրազեկման մակարդակի բարձրացմանը: Սա շատ կարևոր արդյունք է: Միաժամանակ, փաստը, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, ունենալու է իր հետևանքները՝ ժխտողականության և հետագա մանիպուլյացիաների առումով»,- նկատեց Հայկ Դեմոյանը:
Ամփոփելով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ հայկական օրինագծի մերժումը փորձառություն է՝ հետագա անելիքները ճշգրտելու առումով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին, հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին օրենսդիր մարմինը հավանություն էր տվել 2011 թ. դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։ Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել էին Սահմանադրական խորհրդում:
Thursday, March 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment