Monday, March 5, 2012

Արտաքին պարտքի բեռը չափավոր է. Վարչապետ

Tert.am. 4-3-2012- Ի տարբերություն Հունաստանի, մեր արտաքին պարտքը կառավարելի է, և մեր համախառն ներքին արդյունքի 40 տոկոսն է կազմում: Այս մասին այսօր Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով բնակիչներից մեկի այն հարցն, թե արդյոք վտանգավոր չէ մեր արտաքին պարտքը: Բնակիչը օրինակ էր բերել Հունաստանը: Սիսիանցիների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց նաև, որ նախորդ հինգ տարիներին ապահովվել է երկրի խաղաղությունը: «Այդ խաղաղությունը ապահովել ենք մեր բանակի հզորացման շնորհիվ: Նախորդ հինգ տարիների խնդիրը մենք կատարել ենք , իսկ այժմ մենք ուղղվում ենք դեպի քաղաքացին, դեպի նրա կենցաղի բարելավմանը», - ասաց Տիգրան Սարգսյանը: Անապահով ընտանիքների հարցին անդրադառնալով վարչապետ Սարգսյանն ասաց, որ նման ընտանիքների աշխատունակ անդամները պետք է ապահովվեն աշխատանքով, իսկ երեխաներին պետությունը կապահովի անվճար կրթությամբ: Ազգային ժողովի Ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ ասաց, որ ի տարբերություն այլ կուսակցությունների, իրենց կուսակցությունը նախընտրական ծրագիրը կազմում է հենց հասարակության հետ քննարկումների արդյունքում, մյուսները սակայն իրենց սենյակներում նստած են այդ ամենն անում: «Շատ կարևոր են այս հանդիպումները, քանի որ ծրագիրը միայն մերը չէ, այս ծրագիրը որ կազմենք, կդառնա մեր բոլորի ծրագիրը», - նշեց Գ. Մինասյանը: Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այցելում է մարզեր և հանդիպում ՀՀԿ ակտիվի հետ քննարկելով գալիք համապետական ընտրությունների նախընտրական ծրագիրը:

No comments: