Monday, March 5, 2012

ՀՀ-ում իրանական «Մելլաթ բանկի» գործունեությունը սահմանափակված չէ

1in.am. 4-3-2012- Հայաստանում իրանական «Մելլաթ բանկի» գործունեությունը որևէ կերպ սահմանափակված չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հարցադրմանն ի պատասխան հայտնեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «Մելլաթ բանկ»-ը ՀՀ-ում գործող 21 բանկերից մեկն է, ՀՀ բանկերի միության անդամ, ՀՀ այլ բանկերի հետ մրցակցում է միևնույն օրենսդրական դաշտում և այդ բանկերի հետ մեկտեղ գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի միևնույն վերահսկողական ռեժիմի ներքո: ԿԲ-ից նշեցին, որ վերահսկողությունն իրականացվում է փաստաթղթային մակարդակով (ներկայացվող հաշվետվությունների վերլուծում, ռիսկերի գնահատում և արձագանքում) և տեղերում ստուգումների եղանակով (համալիր և նպատակային ստուգումներ, ուսումնասիրություններ): Վերահսկողության ընթացքում ԿԲ-ն առաջնորդվում է ռիսկերի վրա հիմնված մոտեցմամբ, որը ենթադրում է բանկերում առկա ռիսկերին համարժեք վերահսողական ռեսուրսների հատկացում և մոնիտորինգի իրականացում: Նշված գործառույթն իրականացնելիս ԿԲ կողմից «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը սառեցրել է երկրի տարածքում գտնվող իրանական բոլոր պետական ակտիվները՝ նպատակ ունենալով առավել ուժգին ճնշում գործադրել Իրանի Կենտրոնական բանկի և մյուս բանկերի վրա: ԵՄ-ն հուլիսի 1-ից դադարեցնում է Իրանից նավթի ու նավթամթերքի ներմուծումը, արգելվել է նաև իրանական նավթային ընկերություններում ներդրումներ կատարել և Թեհրանին չմատակարարել նավթարդյունաբերության համար անհրաժեշտ ապրանքատեսակներ, ինչպես նաև սառեցնել Իրանի ԿԲ հաշիվների մեծ մասը: Ենթադրվում է, որ Իրանի ֆինանսական հաստատությունների դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ձեռնարկած պատժամիջոցները էապես կդժվարացնեն Իրանի արտաքին առևտուրը:

No comments: