Friday, March 16, 2012

Գերմանիայի ԱԳ նախարար. Ամենավերին տեղում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն է

Panorama.am.16-3-2012- «Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները խոչընդոտում են ողջ տարածաշրջանի բարգավաճող և խաղաղ զարգացումը: Ստատուս քվոն չի կարող տևական իրավիճակ դառնալ: Խաղաղ լուծման դիվիդենտները հսկայական կլինեին Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար: Մենք այժմ կարիք ունենք փոխզիջումների, այլ ոչ առճակատման: Պահանջվում են խիզախ քայլեր և փոխվստահության ձևավորում»,- անդրադառնալով Հարավային Կովկասում առկա իրավիճակին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն: Հարցին, թե` Հարավային Կովկասի կարևորագույն հիմնախնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպե՞ս եք տեսնում դրա լուծման հնարավորությունը և, ըստ Ձեզ, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ, նախարարը նշել է. «Ամենավերին տեղում հակամարտության խաղաղ կարգավորումն է: Այդ պատճառով Գերմանիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, աջակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահներին իրենց միջնորդական ջանքերում: Միաժամանակ մենք հաջողությամբ աշխատել ենք ի նպաստ Եվրամիության առավել ակտիվ դերակատարության: ԵՄ արտաքին քաղաքականության խորհրդի` փետրվարի վերջին արած եզրակացությունները և Եվրամիության` Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ հանձնակատարի մանդատը լավ հիմք կարող են ծառայել այդ հարցում: ԵՄ առավել ակտիվ դերակատարությունը պետք է ընդգրկվի Մինսկի խմբի ջանքերի շրջանակում: Ես ամենից առաջ մտածում եմ փոխվստահություն ձևավորող քայլերի կարևորության մասին»: Հարցին, թե`վերջին շրջանում իրենց ինքնորոշումն իրացնող նոր պետություններ են ի հայտ եկել, և այդ քայլերին կողմ է արտահայտվել նաև Գերմանիան` օրինակ ճանաչելով Հարավային Սուդանն ու Կոսովոն: Արդյոք սրանք կարող են նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի դե յուրե ինքնորոշման ճանաչման համար, վերջինս ասել է. «Յուրաքանչյուր առանձին դեպք այլ է: Ուստի Գերմանիայի կողմից Կոսովոյի և Հարավային Սուդանի ճանաչումը չի կարող նախադեպ հանդիսանալ միջազգային այլ ճանաչումների համար: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Դաշնային Կառավարությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վարած բանակցությունների հետապնդած նպատակներին, այն է` հավասարակշռություն հաստատել տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքների միջև»:

No comments: