Monday, April 9, 2012

Քոֆի Անանը վաղը կայցելի Թուրքիա

Tert.am. 9-4-2012- Վաղը կլրանա ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին տրված վերջնաժամկետը, սակայն կառավարական զորքերը սիրիական որոշ քաղաքներից դեռևս դուրս չեն բերվել: Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, սիրիական բանակը փախստականների հոսքը դեպի Թուրքիա կանխելու համար շարունակում է ռմբակոծել սահմանամերձ Իդլիբ քաղաքը: Արդեն հայտնի է, որ երեքշաբթի օրը, մինչ Իրան մեկնելը հատուկ բանագնաց Անանը անակնկալ այցով կլինի Թուրքիայում: Նախատեսվում է, որ նա կայցելի սիրիացի փախստականների` Անթաքիայում տեղակայված ճամբարներ: Նույն օրը Թուրքիայում գտնվող փախստականներին ցանկանում են այցելել նաև ԱՄՆ սենատորներ Ջոն ՄքՔեյնը և դեմոկրատական կուսակցությունից Ջո Լիբերմանը: Նշվում է, որ նրանք երկուսն էլ դժգոհ են Օբամայի` Սիրիայի հանդեպ վարած քաղաքականությունից: Օբաման չի ցանկանում մինչ նախագահական ընտրությունները որևէ միջամտություն ցուցաբերել սիրիական հարցում, ինչն էլ առաջացրել էր հատկապես ՄքՔեյնի զայրույթը և նա պահանջել էր ավելի ակտիվ լինել` Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու հարցում:

No comments: