Saturday, April 14, 2012

Շաշի Թարուր. «Լեռնային Ղարաբաղի եւ Քաշմիրի խնդիրներն ընդհանրություն չունեն»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալի եւ Հնդկաստանի ԱԳՆ նախկին պետնախարարի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին: Շաշի Թարուրը Հնդկաստանի ԱԳՆ նախկին պետնախարարն է, գրող, հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան, ներկայումս՝ Հնդկաստանի խորհրդարանի անդամ: 2006 թվականին Թարուրը Հնդկաստանի կողմից պաշտոնապես առաջադրվեց որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու` փոխարինելու Քոֆի Անանին: Ընտրությունների արդյունքում Շաշի Թարուրը հայտնվեց երկրորդ տեղում՝ զիջելով Պան Գի Մունին: Թարուրը ՄԱԿ-ում աշխատել է երկար տարիներ: Այդ կառույցում նրա վերջին պաշտոնը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հաղորդակցության եւ հասարակական տեղեկատվության գծով տեղակալի պաշտոնն էր, որը նա թողեց 2007թ. մարտին: Թարուրը միջազգային հարթակներում հայտնի է իր` Հնդկաստանի վերջին բարեփոխումների եւ ապագա հեռանկարների, գլոբալիզացիայի, մամուլի ազատության, մարդու իրավունքների, հնդկական մշակույթի եւ Հնդկաստանի` համաշխարհային քաղաքական գործընթացների վրա ներկա եւ հնարավոր ազդեցության մասին ելույթներով: 12 գրքերի, հարյուրավոր հոդվածների եւ հրապարակումների հեղինակ է, որոնք տպագրվում են New York Times-ի, Washington Post-ի, Los Angeles Times-ի, International Herald Tribune-ի, Time-ի, Newsweek-ի եւ The Times of India-ի էջերում: - Վերջերս Պակիստանը Ադրբեջանին առաջարկեց ռազմական դաշինք ստեղծել Իսրայելի դեմ: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ կարող է հանգեցնել այսպիսի դաշինքի ստեղծումը: Արդյո՞ք այն վտանգի տակ է դնում խաղաղությունը տարածաշրջանում: - Պակիստանը մի երկիր է, որն ինքն իր հետ համաձայնության գալու խնդիր ունի: Ռազմական տեսակետից Պակիստանը, որն անմիտ վերաբերմունք է ցուցաբերում իր հարեւանների նկատմամբ, հիմա սկսել է հանդես է գալ իրեն ստեղծողի դեմ: Պակիստանը շատ լավ կանի, եթե նախ հաղթահարի սեփական ներքին խնդիրները` ինչ-որ մեկի համար օգտակար դաշնակից լինելուց առաջ: - 2012 թվականի փետրվարին Պակիստանի ազգային գրադարանում մի սեմինար տեղի ունեցավ` «Լեռնային Ղարաբաղ եւ Քաշմիր. երկու ազգ, երկու ցավ» անվան ներքո: Առաջին անգամը չէ, որ պակիստանցի պաշտոնյաները հայտարարում են Քաշմիրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների նմանությունների մասին: - Յուրաքանչյուր հակամարտություն ունի սեփական պատմությունը: Ես ոչ մի ընդհանրություն չեմ տեսնում այս երկու հակամարտությունների միջեւ` ոչ պատմական, ոչ էլ աշխարհագրական առումով: - Մինչեւ 1996 թվականը Դուք եղել եք խաղաղապահ առաքելություն իրականացնող թիմի ղեկավար Հարավսլավիայում: 2008 թվականին Կոսովոն հռչակեց իր անկախությունը, 2012 թվականի փետրվարի 17-ի դրությամբ ՄԱԿ-ի անդամ 88 երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Ձեր կարծիքով, Կոսովոն նախադե՞պ է ԼՂ հակամարտության կարգավորման համար: -Եթե խոսեմ իմ անունից, այլ ոչ թե որպես ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա, ապա ես նման դեպքերում կողմ չեմ անջատմանը եւ անկախությանը ` որպես լուծում: Հնդկաստանը բազմազգ, բազմակրոն երկիր է, եւ ես հավատում եմ, որ սա ավելի նախընտրելի մոդել է, քան երկրի փլուզումը նեղ կրոնական հողի վրա: - 2008 թվականի մարտին Հնդկաստանը դեմ քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի օկուպացված տարածքների իրավիճակի մասին» բանաձեւին: Դրանից հետո ի՞նչ զարգացումներ են եղել ադրբեջանա-հնդկական հարաբերություններում: - Հնդկաստանը փորձում է պահպանել լավ հարաբերություններ բոլոր երկրների հետ:

No comments: