Saturday, April 14, 2012

Թբիլիսիի հայ համայնքը Հավլաբարի մետրոյի կայարանի մոտ Ցեղասպանության հուշարձան է ցանկանում կանգնեցնել

Tert.am. 13.04.2012- Թբիլիսիի հայ համայնքը դիմել է քաղաքապետարանին Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման խնդրանքով: Վրացի պաշտոնյանները դեռ չեն արձագանքել այս պահանջին, բայց պարզ է, որ եթե նրանք համաձայնեն այս նախաձեռնությանը, ապա դա կհարուցի հարևան երկրների` Թուրքիայի և Ադրբեջանի լուրջ դժգոհությունը, գրում է The Messenger Online-ը: Ըստ առաջարկի` հուշարձանը պետք է տեղադրվի մետրոյի «Հավլաբար» կայարանի մոտ՝ քաղաքապետարանի հետ երկու տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության համակարգող Առնոլդ Ստեփանյանը աջակցում է հուշարձան կանգնեցնելու նախաձեռնությանը: «Այնուամենայնիվ, հուշարձանի ջատագովները գիտեն, որ նման քայլը Վրաստանի համար խնդիրներ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Հուշարձանի տեղադրումը նշանակում է անուղղակիորեն ճանաչել Ցեղասպանությունը, ինչն արդեն քաղաքական որոշում է: Դա կարող է նաև դժգոհություն առաջացնել Վրաստանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների մեջ, և կարող է հանգեցնել ներվրացական հարաբերությունների լարման` նրանց և էթնիկ հայերի միջև, ինչն էլ իր հերթին կարող է անցանկալիորեն բարդացնել իրավիճակը Վրաստանում», - գրում է պարբերականը: «Ասավալի-Դասավալի» թերթի լրագրող Գիորգի Գիգաուրին որոշակի զուգահեռներ է անցկացրել՝ նշելով, թե ինչ կպատահի, եթե վրացիները Հայաստանից պահանջեն տեղադրել Ռուսաստանի օկուպացիայի արդյունքում տուժած վրացիներին նվիրված հուշարձան: «Դա կլինի սադրիչ քայլ», - եզրակացնում է լրագրողը: Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս Վրաստանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ռուսաստանի կողմից 19-րդ դարում իրականացված` չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը:

No comments: