Thursday, April 12, 2012

Հայաստանում ռուսական ՌՏԿ-ի կառուցումը ոչ ոքի համար չպետք է անակնկալ լինի. Առնոլդ Ստեփանյան

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանում ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի հնարավոր կառուցումը ոչ ոքի համար չպետք է անակնկալ լինի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: «Դեպքերի հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանում անցկացվելիք յուրաքանչյուր ընտրությունից առաջ Ռուսաստանի հետ ռազմական բնույթի համագործակցության որոշում է կայացվում, օրինակ՝ երբ որոշում կայացվեց երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Այնպես որ, այս անգամ էլ նման որոշում կայացնելն անսպասելի չէր»,- նշեց նա: Առնոլդ Ստեփանյանի խոսքով, Հայաստանում ռուսական ՌՏԿ կառուցելու որոշում կայացվել է երկու պատճառով՝ Իրանի դեմ հնարավոր պատերազմ և Գաբալայի ՌՏԿ-ի հարցում Ադրբեջանի հետ ռուսական կողմի ունեցած խնդիրներ: Հարցին՝ կիսո՞ւմ է այն կարծիքը, որ Հայաստանի տարածքում ռադիոտեղորոշիչ կայան կառուցելու քայլով Ռուսաստանն անջատողական տրամադրություններ է սերմանում Հարավային Կովկասի տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի ու Վրաստանի միջև, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահը նկատեց. «Ես կարող եմ խոսել ռիսկերի մասին: Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ Վրաստանը կարող է հակազդեցության գոտի դառնալ: Չի բացառվում, որ դրա արդյունքում Հայաստանի ու այդ երկրի միջև հակասություններ առաջանան: Սակայն ավելի իրատեսական են Ռուսաստանի և Իրանի դեմ պատերազմ սկսող երկրների հակասությունները: Միաժամանակ, մինչև Չիկագոյում կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովը առավել կոնկրետ շեշտադրումներ անելը ճիշտ չի լինի: Մյուս կողմից՝ ամերիկա-ռուսական «պերեզագրուզկայի» շուրջ բանակցությունները նոր փուլ են մտել: Ավելի ճիշտ կլինի սպասել այդ նոր փուլի արդյունքներին»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:

No comments: