Thursday, April 12, 2012

Լուծումն ինչ-որ տեղ քաղաքացու ձեռքին է

Մեր զրուցակիցն է հրապարակախոս, Հայ Ազգային կոնգրեսի անդամ Արա Նեդոլյանը -Արա, պաշտոնական քարոզարշավը մեկնակեց: Եթե ամփոփենք մի քանի տարիների պայքարն արդյունքների տեսքով, ի՞նչ ռեալ փոփոխություն եք տեսնում այս անգամ, կա՞ արդյոք հասարակության մտածողության մեջ փոփոխություն և այլն: -Եթե այս ընտրությունները համեմատենք պատմական ուրիշ ընտրությունների հետ, այս անգամ մենք առաջին անգամ ունենք գիտակցված քաղաքական առաջարկի ու պահանջարկի տարրեր, կոնկրետ դա արտահայտվում է ՀԱԿ-ի ծրագրերում ու հայեցակարգերում, որոնք ուղղված են քաղաքացիներից յուրաքանչյուրին` իբրև կյանքն այսօր փոխելու հնարավորություն: Այսինքն` ոչ թե միֆականացված տողեր են` մեզ ընտրեք, լավ կլինի, այլ այդ լավ լինելու տեսլականն արդեն սկսում է արտահայտվել, թե, օրինակ, կոնկրետ ինչը և ինչպես լավ կլինի: Եթե նախկինում ժողովրդի միջոցով քաղաքական ուժը ձգտում էր գալ իշխանության` հիմնվելով հիմնականում ժողովրդի ինչ-որ ինտուիտիվ պատկերացումների վրա, ուղղակի ընդդիմադիր լինելու փաստի վրա, հիմա նշմարվեց այն տենդենցը, որ ոչ թե քաղաքական ուժն է գալիս ժողովրդի միջոցով իշխանության, այլ հակառակը, ստեղծվեց այն հայեցակարգը, որով ժողովուրդն է գալիս իշխանության քաղաքական ուժերի միջոցով: Այսինքն` ստեղծվեց նորմալ սահմանադրական հարաբերակցություն, ժողովրդի ու քաղաքական ուժի միջև: Երբ դա կա, առաջանում է նաև քաղաքական դաշտի բազմազանության հնարավորություն, և այսօր մենք տեսնում ենք, որ ընտրություններից առաջ ունենք երեք տարբերակվող քաղաքական միավոր՝ Կոնգրեսն իր մոտեցումներով ամենակայացածն է, նշմարվում է իբրև քաղաքական ուժ նաև ԲՀԿ-ն, և երրորդ`Ժառանգություն-Ազատ դեմոկրատները նույնպես ռեալ քաղաքական մոտեցման նախադրյալներ ունեն: Այսինքն, ընտրողը մտնում է քաղաքական գիտակցական դաշտ: Այսօր դա ռեալ ինչ-որ մտագործունեության, մտապատկերների դաշտ է, որոնք նախագահական ընտրություններին կկարողանան արտահայտվել ավելի ցայտուն, կերևա, թե որ իմաստները որ իմաստների հետ են մրցում: Այս դեպքում քաղաքականացված չէ միայն իշխանական թևը, որը ընտրություններին հանդես է գալիս իբրև զուտ ադմինիստրատիվ ռեսուրսի տեր, քաղաքական մոտեցման նշույլներ այնտեղ չեն նկատվում, ինչպես նաև ՕԵԿ-ի ու Դաշնակցության մոտ: -Ուրեմն, ի՞նչ է այդ քաղաքական մոտեցումը, ի՞նչն է, որ Դաշնակցության մոտ չկա, իսկ, օրինակ, ԲՀԿ-ն, Ձեր կարծիքով, ունի; -Դա ինչ-որ պատկերացումն է ապագայի մասին: Ինչպես կառուցել ապագան՝ փոփոխելով ներկայիս զարգացման տրամաբանությունը, արժեքները, մոտեցումները: Այդ իմաստով, Դաշնակցության ու ՀՀԿ-ի մոտեցումների մեջ, օրինակ, ես տարբերություն չեմ տեսնում, իսկ ԲՀԿ-ն որոշ առանձնահատկություն ունի: Խոշոր իմաստով, դաշտում գործում են երկու տիպի մասնակիցներ՝ մի խումբը ոչ-քաղաքական է սկզբունքորեն, իրենք շարունակում են սովետական, նաև ցարական վարչա-հրամայական մոտեցումը, որ քաղաքացի գոյություն չունի, ամեն ինչ որոշում է իշխանությունը, և հանրային հիմնական արժեքն է նրանց համար՝ որ դա չփոխվի, կյանքը մնա անփոփոխ, իսկ երկրորդ խումբը ձգտում է ինչ-որ փոփոխության, որից կարող են օգտվել այսօրվա զրկվածները: Եվ այդ նպատակով քաղաքական ուժերը միշտ ձևավորում են քաղաքացիներին ուղղված ինչ-որ կանչ, ինչ-որ փոփոխության խոստում, ու նկարագրում են, դե ինչպես դա կարող է իրականանալ: -Արա, այսինքն այս անգամ ժողովո՞ւրդն է ընտրելու իշխանություն: -Այս անգամ իսկապես նշմարվում է գիտակցական մոտեցում, ոչ թե էսթետիկական ու ինտուիտիվ, այսինքն` կարելի է ինչ-որ մոտավոր կերպար պատկերացնել, իմաստային ինչ-որ տարբերություն տեսնել տարբեր քաղաքական ուժերի միջև և ամբողջ գիտակցական ապարատը, որով քաղաքակիրթ աշխարհն է առաջնորդվում ընտրությունների ժամանակ, քաղաքական կյանքում կամաց-կամաց, շատ դանդաղ, կաթիլ-կաթիլ սկսում է ներթափանցել մեր քաղաքական դաշտ, այսինքն` սկսվում են խոսակցություններ իմաստային դաշտում: -Ո՞ր ուժի մոտ կա փոփոխվելու շանս, մի՞թե ԲՀԿ-ի մոտ կա հասարակությանը բարեկեցիկ ապագա և ներկա ապահովելու ձգտում: -Քաղաքականացվելու անհրաժեշտությունն արդեն հաշվի է առնվում քաղաքական դաշտում, մտնում է քաղաքական օրակարգ: Կրկնասացություն /տավթալոգիա/ է թվում, բայց այսօր քաղաքական կոչվելը պայմանավորված է արդեն ոչ միայն և ոչ այնքան իշխանության ձգտումով, որքան ամեն մի քաղաքացուն իր ձեռքով իր կյանքը փոխելու հնարավորությունն ապահովելով: Կոնգրեսում դա արվում է ծրագրային հիմքերի մակարդակով: Բոլոր ծրագրերն ունեն նույն տրամաբանությունը, նույն փիլիսոփայությունը, այն է`քաղաքացուն տրվում է իշխանություն տնտեսության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում, կարճ ասած` պետական փողերը տրվում են քաղաքացուն և ոչ թե հիմնարկներին, հետո նա այդ փողերով իր կարիքների համաձայն ձևավորում է իրեն համապասխանող, իր առջև հաշվետու հաստատություններ: Դա սոցիալական պետության, սահմանադրային հիմնադրույթների իրականացման մեթոդ է: Գագիկ Ծառուկյանի կողմից ասված ժողովրդական կապիտալիզմը /որը ընկած է նաև Կոնգրեսի 100 քայլ հիմնական ծրագրի հիմքում/ քաղաքացու տնտեսական իշխանավորումն է, ինչպես Հրանտ Բագրատյանն է ասում՝ փոխել վարձու աշխատողի տրամաբանությունը սեփականատիրոջ տրամաբանությամբ, այսինքն` քաղաքացին ստանում է իրավունքներ տնտեսական ոլորտում, տնտեսական ինքնիշխանություն, ինչը հիմքերի հիմքն է: Հիմա չգիտեմ՝ Գագիկ Ծառուկյանն ուղղակի մի տեղից լսել ասո՞ւմ է, թե նրան մեկը խորհուրդ է տվել արտասանել դա, քանի որ շարունակություն չկա: Ազատ դեմոկրատների մոտ չեմ լսել նման ծրագրերի մասին, սակայն քաղաքականացվելու ձգտումը իրենց մոտ արտահայտվում է կոլեգիալ բաց կառույց ստեղծելու ձգտումով, համենայն դեպս, իրենց ինքնորոշվելու հայտարարված պատճառը հենց դա էր: -Նոնսենս չի՞ ստացվում արդյոք, երբ ժողովրդական կապիտալիզմի մասին խոսում է ՀՀ թիվ մեկ օլիգարխը, տնտեսությունը մոնոպոլացրածներից մեկը: -Ավազակապետության սյուներից մեկը, ամենահաջողված ավազակապետը և օլիգարխը, բայց որակական տարբերությունն այն է, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի կամ Վլադիմիր Պուտինի, որոնք վարչահրամայական սիստեմի նշանակած չինովնիկ են, պարզապես համակարգի կողմից նշանակված են նախագահ, և ուրեմն քաղաքական անձ չեն, Գագիկ Ծառուկյանը ինքն իրեն կերտած մարդ է, նա նշանակովի չէ, նա վերահսկելի է իր կապիտալների միջոցով, բայց ի տարբերություն չինովնիկի, այնուամենայնիվ, նման կերպարի ազատության աստիճանն ավել է: Մենք հաճախ տեսնում ենք և Ռուսաստանում, և Հայաստանում ինչպես է լինում, որ մեկ էլ օլիգարխն իր կապիտալի վրա թքում է և սկսում է դրսևորել քաղաքական կամ քաղաքացիական ամբիցիա, կապիտալը կորցնում է: Այս քսան տարում բնական փոփոխության արդյունքն է, ոչ թե նշանակովի է, այլ քրեական մրցակցության արդյունքում ձևավորված անձ, գուցե կմնա օլիգարխ և համակարգի մաս, գուցե ձեռք բերի ազատության այլ աստիճան: -Արա, մենք սակայն տեսնում ենք մոտավորապես ինչ տեսք կունենա ապագա խորհրդարանը: Այս տեսնելով` մի տեսակ ինքնախաբեություն չէ՞, որ փոփոխված խորհրդարան ենք ունենալու: -Սա կախված է նրանից, թե որքանով ներկայացված կլինի ընդդիմությունը: Բնականաբար, իշխանական կուսակցության դեպքում մենք ուրիշ ոչ մի փոփոխություն չենք կարող ակնկալել և փաստացի չենք տեսնում: Ինչքան մեծ լինի ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում, այնքան խորհրդարանը կլինի խորհրդարան: -Սակայն արդեն պարզ է, որ առյուծի բաժինն ընկնելու է ԲՀԿ-ին և ՀՀԿ-ին: -Այս հարցին կա երկու պատասխան. ա/ անընդհատ վստահել շահագրգռված ուրիշի կարծիքին, կամ մտածել իմ կարծիքը ո՞րն է, օրինակ` ինձ պետք է, որ Կոնգրեսը լինի կեսից ավելին, քանի որ ես 66-ն եմ, իմ` խորհրդարան անցնելու համար այդքան է պետք: Կա կոնֆլիկտ, լուծումն ինչ-որ տեղ քաղաքացու ձեռքին է, որ արդյունքը մոտեցնի նրան, ինչ իրեն է պետք: Եվ այսպես, հասարակությանը պետք է, որ լինի կեսից ավելի ընդդիմություն, իսկ իշխանությանը պետք է, որ ունենա ձայների ճնշող մեծամասնություն: Դա է փաստորեն նախընտրական պայքարի, ընտրությունների իմաստը: Չկա օբյեկտիվ չափանիշ, որով կարող ենք գուշակել ինչ է լինելու, ոչինչ կանխորոշված չէ, բաց է, ամեն մեկն ընտրությունների շեմին ինքն է որոշում, թե իրեն ինչ է պետք ապագա խորհրդարանում: -Պարզ է, որ բոլորը ուզում են փոփոխություններ, անգամ իշխանությունն է բարձրաձայնում, որ ուզում է փոփոխություն: -Այո, և ինձ թվում է`շարքային հանրապետականը, որը ուզում է երկրում փոփոխություն, պետք է գնա և քվեարկի ՀԱԿ-ի օգտին` անկախ նրանից, ինքը սիրում է Հայ ազգային կոնգրսին, թե ոչ, բայց իհարկե փոփոխությունն այդպես է ստեղծվում: -Այսինքն` Դուք կարծում եք, որ հենց Հայ ազգային կոնգրե՞սն է դեռ այն ուժը, որը բերելու է փոփոխություննե՞ր: -Անպայման, հենց իր ներկայությամբ ստեղծելու է ֆիզիկական պլյուս-մինուս վիճակ խորհրդրանում, հոսանք է առաջանալու: -Այս անգամ էլ խորհրդարանում կային ընդդիմադիրներ և ինչ... -Ժառանգությունը և Դաշնակցությունը քաղաքականացան Կոնգրեսի օրբիտայում: Կոնգրեսն ընդհանուր դաշտ է ձևավորել, որը քաղաքական է, որում անգամ Գագիկ Ծառուկյանն է դարձել քաղաքական, մինչև սա, նա էլ քաղաքական չէր: -Մաշտոցի պուրակում մի քանի ամիս է` համառ պայքար է գնում հանրային տարածքի վերանվաճման համար: Կարծիք է հնչում` ինչո՞ւ չի քաղաքականանում պայքարը: Քաղաքականն ու քաղաքացիականը որտե՞ղ են ի վերջո հատվում: -Քաղաքացիական այդ շարժումները` Մաշտոցի պուրակը, “Բանակն իրականումը” և մյուսները փորձում են ավելի մանրամասնված ներկայացնեն այս ընդհանուր քաղաքական դրույթներից որևէ մեկը կամ միանգամից մի քանիսը, անգամ, բացահայտում են նոր քաղաքական ձևեր, օրինակ, Հանրային դատարանը: Այսինքն` այստեղ եթե ՀԱԿ-ը որպես քաղաքական միավոր տալիս է համապարփակ քաղաքական բանաձևեր, ապա քաղաքացիական շարժումները ընդհանուր բանաձևերից մեկը փորձում են վերցնել և լոկալացնել, տեսնել` ինչպես է աշխատում: Այսինքն` գաղափարի իմաստով այստեղ հակադրություն չկա, կա ընդհանուրի և կոնկրետի տարբերություն: Այդ իմաստով՝ Մաշտոցի պուրակը կայացման նոր դաշտ է իրենից ներկայացնում քաղաքականացված մարդկանց համար, ինչպես կուսակցական, այնպես էլ անկուսակցական: Շատ զարմանալի է, որ 50 մետրի վրա է ԲՀԿ-ի շտաբը, բայց որևէ փորձ Մաշտոցի պուրակում ինքնադրսևորվելու, նրանց կողմից չկա: Մաշտոցի պուրակի տարածքը կդիտարկեի շատերի համար հարմար դրսևորման հարթակ, տարբեր հասարակական, քաղաքական, ապագա քաղաքական ուժերի համար ի հայտ գալու, դրսևորվելու, իրենց կարողությունները ցույց տալու տարածք: Երբ գործ ունենք ժողովրդի կողմից կազմակերպված շարժումների հետ, դրանք միշտ հանրության ինքնադրսևորումն են, անկախ նրանից` կա կազմակերպիչ, Մարիամն է, թե Եղիան, մյուս դեպքում Լևոնն է, թե ուրիշ մեկը, նրանք ի տարբերություն միանվագ միտինգների, քաղաքացիների, գիտակից դարձած մարդկանց հանրային ինքնադրսևորման ոլորտներ են, լինի դա Ազատության հրապարակ, Մատենադարան, թե Մաշտովի պուրակ, կամ կառավարության շենքի դիմացը: Այստեղ շատ կարևոր է որ դրանք դառնան փոխադարձ դրսևորման դաշտ, այսինքն`լինի հնարավորինս բաց տարածք: Բացության իմաստով Մաշտոցի պուրակը ինչ-որ տեղ գերադասում է Ազատության հրապարակին դրսևորումների բազմազանությամբ, իսկ նպատակուղղվածության իմաստով զիջում է, նպատակաուղղվածությունն այնտեղ տատանվող է: Երկու դեպքում էլ կա առավելություն և թերություն: Այստեղ հակասությունը պրոդուկտիվ է, այսինքն` ամեն մեկը հակասության ձևով գիտակցում է, որ կա ոչ թե միայն ինքը և բացարձակ չարիքը, այլ որ բացարձակ չարիքից բացի կա իրավունքի տարբեր երանգավորումներ, հարթություններ, ուղղվածություններ: Այսինքն` հանրությունը կայացվում է այդ ձևով, ինչպես Կարեն Անդրեասյանն է ասում` քաղաքական համայնքների ինքնասահմանման ձևով: Իշխանությունը փորձում է կասեցնել ինչպես քաղաքացիական նախաձեռնությունների, այնպես էլ քաղաքական ուժերի զարգացման պրոդուկտիվ ընթացքը: Երկուսն էլ որոշակի ճգնաժամի առաջ են կանգնում: Լուծումն է, կարծում եմ, բացվել իրար առջև, նախաձեռնություններին ընկալել իբրև հանրություն, տակը դավեր չփնտրելով, իսկ քաղաքական ուժերին՝ իբրև նախաձեռնությունների նպատակին հասնելու միջոց: Բոլ է նամակներ գրել «նախագահին», «քաղաքապետին», քանի որ դրանք չկան, ինքնակոչ զավթիչներ են, որոնց շատ օգուտ է, երբ իրենց օրինակարգի տեղ է մեկը դնում, այլ՝ դիմել նրանց, ովքեր և կոչված են ապահովել քաղաքացու ինքնիշխանությունը և հանրության իրավունքները՝ քաղաքական ուժերին: Սիրանույշ Պապյան «Լրագիր» 12-4-2012.

No comments: