Thursday, April 19, 2012

ԼՂ հակամարտող կողմերը չպետք է տրվեն սադրանքներին. ռուս փորձագետ

Tert.am. 19-4-2012- Անցյալ տարվա համեմատությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հանդարտ փուլ է մտել կամ դանդաղել է. 1news.az-ին տված հարցազրույցում ասել է «Տրիալոգ» միջազգային ակումբի նախագահ, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Դմիտրի Պոլիկանովը: Նրա խոսքով` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը զբաղված են իրենց ներքին խնդիրներով, ընտրությունների հարցերով, այդ պատճառով էլ ակտիվորեն չեն զբաղվում Ղարաբաղյան հարցով: «Միաժամանակ նվազել է լարվածությունը հակամարտող երկրների միջև. համենայն դեպս ռազմատենչ հռետորաբանությունն ավելի քիչ է, քան նախկինում»,- ասել է Պոլիկանովը: Փորձագետի կարծիքով` ԼՂ հարցի շուրջ քննարկումները կվերսկսվեն ընթացիկ տարվա դեկտեմբերից: Հարցին, թե կփոխվի արդյոք Ռուսաստանի դերակատարությունը Վլադիմիր Պուտինի նախագահությունից հետո, փորձագետն ասել է, որ կփոխվի մասնակիորեն: «Դմիտրի Մեդվեդևի համար ԼՂ հակամարտության լուծումն անձնական նախագիծ էր: Դրա լուծումը կամրապնդեր նրա իմիջը: Պուտինի համար գերակա ծրագիր է Եվրասիական միության ստեղծումը, տնտեսական և քաղաքական ինտերգրացիան` հետխորհրդային շրջանում»,- ասել է նա: Քաղաքագետի խոսքերով` վերջերս Աբխազիայում ու Հարավային Օսիայում հատուկ ներկայացուցիչների նշանակումն արվեց այն բանի համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե այդ հարցերը գտնվում են ուշադրության կենտրոնում: «Դա ստատուս-քվոն ամրապնդելու և դիվանագիտական գործունեության տպավորություն թողնելու փորձ էր: Հավանական է, որ նույն ճակատագիրն է սպասվում նաև Լեռնային Ղարաբաղին, եթե իրավիճակը կտրուկ չսրվի»,- ասել է Պոլիկանովը: Վերջինիս համոզմամբ` միակ բանը, որ կարող է Մոսկվային ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի համար պահանջվող վարձը նվազեցնելու համար դա որպես խաղաքարտ օգտագործելը կլինի: Անդրադառնալով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` ռուս քաղաքագետն ասել է, որ էական փոփոխություններ չեն լինի: «Սոցիոլոգիական տվյալները ցույց են տալիս, որ իշխող կուսակցությունը վերընտրվելու մեծ շանսեր ունի, նախագահը նույնպես: Ընտրությունները, ինչպես սովորաբար լինում է, կարող են ակտիվացնել ռազմական հռետորիկան: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ընտրությունից հետո ամեն ինչ վերադառնում է քաղաքական հարթություն: Կարևորն այս դեպքում այն է, որ կողմերը զերծ մնան սադրանքներից»,- ասել է նա:

No comments: