Tert.am. 20-4-2012- Tweet Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների խախտումների մասին եռամսյակային զեկույց, որտեղ անդրադարձել է ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխություններին ու գործընթացներին: Կոմիտեի կողմից առանձնակի ուշադրության է արժանացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը, որը հաստատվեց 2012թ-ի հունվարի 31-ին: «Մարտի 15-ի հերթական նիստին ԿԸՀ-ն, հաշվի առնելով լրագրողական հանրության հնչեցրած մտահոգությունները, փոփոխություն մտցրեց այդ կարգում»,- տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Վերջինս անդրադարձավ նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին, որը ընդունվել է ԱԺ-ի երրորդ ընթերցմամբ: Օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսվում է այդ ռեժիմի պայմաններում խոսքի ազատության սահմանափակում: «Օրենքի մասին խոսելիս բոլորիս մոտ ասոցացվում է 2008թ-ը, երբ նախագահական ընտրութուններից հետո արտակարգ դրություն հայտարարվեց: Այդ օրերին բացահայտ գրաքննություն մտցվեց, որը ոչ միայն օրենքով սահմանված չէր, այլև հրամանագրով չէր սահմանված»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Որպես եռամսյակում կատարված դրական երևույթ՝ Աշոտ Մելիքյանն առանձնացրեց այն, որ ԱԺ-ն շրջանառության մեջ է դրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոփխություններ իրականացնելու նախագիծ: Այդ աշխատանքներին ներգրավել են «Երևանի մամուլի ակումբը», «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: «Մենք կարծում ենք, որ այս ոլորտում շատ անելիքներ ունենք և պետք է անենք ամեն ինչ՝ օրենքը ավելի լավը դարձնելու համար»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment