Saturday, April 14, 2012

«EurasiaNet». Իսրայելական զենքը Ադրբեջանին պետք է հիմնականում Հայաստանի, բայց մի քիչ էլ Իրանի՞ համար

News.am. 14-4-2012- NEWS.am-ը ներկայացնում է «EurasiaNet»-ի կայքում հրապարկված` Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով վաշինգտոնյան մեկնաբան Ջոշուա Կուչերի «The Bug Pit» հոդվածը. «Երբ Իսրայելը հայտարարեց, թե 1,6 մլրդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին, այդ երկրի պաշտոնյանները շտապեցին հարեւան Իրանին վստահեցնել, որ զենքը նախատեսված է Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ պատերազմի համար, ոչ թե Իրանի: Այդուհանդերձ, ադրբեջանական «Թուրան» գործակալությունը ռազմական փաթեթի որոշ մանրամասներ է բացահայտել, որոնցում շատ անակնկալներ թեեւ չկան, սակայն կա մեկ տարր, որի պատճառով Թեհրանը կարող է խոժոռվել: «Թուրանի» հաղորդմամբ` Բաքվի ձեռբերումը ներառում է «Searcher» տեսակի հինգ անօդաչու թռչող սարք եւ հինգ «Heron», «Բարակ-8» ՀՕՊ համակարգ եւ «Green Pine» ՀՀՊ ռադար: Այս ամենն իսկապես օգտակար կլինեն Հայաստանի կամ ցանկացած այլ հակառակորդի դեմ: Սակայն այս գործարքում առանձնանում են «Գաբրիել» տեսակի հակածովային հրթիռները: Ակնհայտ է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը չունի նաեւ նավատորմ: Սակայն կա մի երկիր, որը Ադրբեջանին հետեւողականորեն նյարդայնացնում է ծովում. դա Իրանն է: Ինչպես հաղորդում է «Թուրանը», «Ադրբեջանը դրանք կօգտագործի Կասպից ծովի իր ափերը իրանական ավելացող ռազմանավերից պաշտպանելու համար»: Սա չի նշանակում, որ Ադրբեջանը մտադիր է մասնակցել Իրանի վրա իսրայելական կամ ամերիկյան որեւէ գրոհի: Անկախ Իրանի հետ Արեւմուտքի ունեցած խնդիրներից` Ադրբեջանը մտահոգված է Կասպից ծովի իր նավթային եւ գազային ենթակառուցվածքներ իրանական ներխուժումից: Կասպիական տարածաշրջանում ոչ ոք առանձնապես չի վստահում Իրանին, այնպես որ դա հասկանալի քայլ է: Այնպես որ, կարող եք դեռեւս ակնկալել, որ հարցը կբարձրացվի ադրբեջանցի եւ իրանցի պաշտոնյաների հաջորդ հանդիպումների ժամանակ»:

No comments: