Saturday, April 14, 2012

Թուրքիայի խորհդարանի նախագահը խոստովանել է."Հայերը ստիպված են եղել լքել իրենց տները"

Zham.am. 13-4-2012- «Ցավը կիսելու և վերքերը բուժելու առաջին քայլ» անվանումով գիտաժողովի ընթացքում Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը խոստովանել է, որ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հարյուրավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տները: Ինչպես գրում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» օրաթերթը, Չիչեքն ասել է, թե Թուրքիայում ապրող ցանկացած մարդու համար դժվար է առերեսվելն այս իրականության հետ, սակայն պետք է ընդունել, որ երկու ժողովուրդներն ընդհանուր ցավեր ունեն: Նա կարևորել է նաև ընդհանուր վերքերը բուժելուն ուղղված քայլերի ակտիվացումը` 1915 թ-ին տեղի ունեցած հայկական կոտորածները կապել է Առաջին համաշխարհային պատերազմի հետ. «Պատերազմի ընթացքում Անատոլիան մեծ ողբերգությունների ականատես է եղել: Ներքին ճնշումների պատճառով հայերը ստիպված են եղել լքել իրենց տները: Դա ընդունել է պետք: Օսմանյան կայսրության տարիներին, ինչպես ցանկացած կայսրությունում, պատերազմները ժամանակ առ ժամանակ կոտորածների, աքսորի ու տեղահանությունների պատճառ են եղել: Այդ պատճառով մարդիկ ցավ են ապրել և հանրության մեջ տարբեր արձագանքեր են եղել: Մենք նախընտրել ենք մոռանալ այդ ցավերը: Անատոլիայում տեղի ունեցած իրադարձությունները մեր սրտերում ենք թաղել: Նոր սկզբի համար ամենապրագմատիկ լուծումն անցյալից կառչած չմնալն է: Ցավերը զայրույթ են ծնում, զայրույթը` ատելություն, իսկ ատելությունը վրեժխնդրություն: Հենց այդ պատճառով անցյալի ցավերը փորփրելը որևէ մեկին օգուտ չի տա»,- ասել է թուրքական խորհրդարանի խոսնակը: Նա նաև հայտարարել է, որ այդ ցավերից դասեր քաղել է պետք և պայքարել, որ այլևս չկրկնվեն. «Այսօր մենք պետք է աշխատենք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի իրադարձությունների նման դեպքերի կրկնությունը կանխելու ուղղությամբ»,- ասել է Չիչեքը:

No comments: