Thursday, May 17, 2012

Ճանապարհային քարտեզը

«Լրագիր» 17-5-2012- Մինչ Մոսկվայում անց էին կացվում ԱՊՀ և ՀԱՊԿ գագաթնաժողովները, մինչ Պուտինը հայտարարում էր, որ ԱՊՀ երկրները Ռուսաստանի համար շարունակում են մնալ որպես հիմնական ռազմաքաղաքական գործընկերներ, Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ մշակել է 2013 թվականին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի «Ճանապարհային քարտեզը»: «Ճանապարհային քարտեզը» նախատեսված է համատեղ ուժերով Արևեյան գործընկերության երկրների հետ ԵՄ քաղաքական միավորմանը և տնտեսական ինտեգրմանը նպաստելուն», - ասել է ԵՄ ընդլայնման հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել Խորացված և համընդգրկուն ազատ առևտրի համար բանակցություններ վարելու համար պայմաններ ստեղծելու հարցում: Հայաստանը առաջընթաց ունի նաև մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հարցում», - ասվում է Եվրոպական հանձնաժողովի զեկույցում: Հատկանշական է, որ իր զեկույցի մեջ Եվրախորհուրդը կոչ է անում ապահովել իրենց ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց որևէ նախապայմանների: Այսօր ռուսական Ведомости-ն հրապարակել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հոդվածը, որտեղ նա փաստորեն հայտարարում է, որ ԱՊՀ հետ տնտեսական ինտեգրումն այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանի համար և ընդհանուր սահմանների բացակայության իմաստով, և այն պատճառով, որ ինտեգրումը չի խթանում Հայաստանի տնտեսական աճը: Նա գրել է, որ Հայաստանի համար ավելի շահավետ է համագործակցել Եվրախորհրդի հետ, որովհետև այն կստիպի Հայաստանին փոխվել՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար: ԵՄ հետ ազատ առևտրի համաձայնությունը կապահովի զգալի առաջընթաց Հայաստանում, զգալիորեն կաճի արտահանումն ու ներմուծումը», - նշվում է հոդվածում: Փաստորեն, սկսում են արդարանալ մի շարք վերլուծաբանների ենթադրություններն այն մասին, որ ՀՀԿ-ն Հայաստանի խորհրդարանում կներկայացնի պրոեվրոպական ճյուղը, Բարգավաճ Հայաստանը՝ ռուսական, իսկ Ժառանգությունն ու Ազատ դեմոկրատները՝ ամերիկյան: Չնայած որ ՀՀԿ ցուցակներում կան Եվրասիական միության կողմնակիցներ, Տիգրան Սարգսյանի հոդվածը հստակորեն ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն հակվելու է ԵՄ հետ ասոցացմանը: Ինչ կարող է ձեռնարկել Ռուսաստանն այդպիսի զարգացումը կանխելու համար: Առաջին հայտարարությունն արդեն արվել է. Դմիտրի Մեդվեդեվը խոստացել է Սերժ Սարգսյանին համագործակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցում: Դա նշանակում է, որ Ռուսաստանն արդեն կարող է Հայաստանին տրամադրել հերթական վարկը «տնտեսությունը փրկելու համար»: Այդ քայլը նա արդեն կատարել է 2009 թվականին, երբ պարզ էր դարձել, որ Հայաստանի տնտեսությունը չէր կարող հաղթահարել ճգնաժամը: Հետո այդ վարկի մասին բազմաթիվ անգամ հիշատակվում էր որպես հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ: Կվերցնի՞ արդյոք Հայաստանն այդ վարկը: Դատելով Տիգրան Սարգսյանի հոդվածից, հնարավոր է նաև, որ հրաժարվի: ՀԱՊԿ ամրապնդումը նույնպես կարող է փաստարկ լինել Ռուսաստանի համար Հայաստանին իր կողմ քաշելու գործում: ՀԱՊԿ-ը, ավելի շուտ, ծառայում է անդամ երկներում իշխող ռեժիմների պահպանմանը: Եվ այս անգամ ՀԱՊԿ գագաթնաժողովի վերջնական բանաձևի մեջ չի նշվել որեւէ կոնկրետ մարտահրավեր, որ ընդհանուր լիներ բոլոր երկրների համար: Նուրսուլթան Նազարբաեվը հայտնել է, որ ՀԱՊԿ առաջնորդները հանդիպման ժամանակ քննարկել են կոլեկտիվ գործողությունների հետագա զարգացման հարցերը, այդ թվում նախեւառաջ Աֆղանստանից եկող սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելու մասին հարցերը,: Բացի դրանից, քննարկվել են նաև Մերձավոր Արևելքի իրավիճակը, Սիրիայի իրադարձությունները և Իրանի միջուկային ծրագիրը: Դժվար թե այս հարցերը կենսականորեն կարևոր են Հայաստանի համար: Սակայն Հայաստանի կառավարությանը պետք է հետաքրքի Լուկաշենկոյի անցյալ տարի արած հայտարարությունը՝ ոչ ոք ճակատ առ ճակատ ՀԱՊԿ երկրների վրա չի գնա, բայց երկրներում հեղաշրջում անելու հարցում շատերի ձեռքերը քոր են գալիս: Նաիրա Հայրումյան

No comments: