Thursday, May 3, 2012

Մաշտոցի այգու ձեռքբերումները

Ձախականության ու դավադրապաշտության այն դիսկուրսի շրջանակներում, որ կա Հայաստանում, կարելի է ասել, որ Մաշտոցի այգին իշխանական պրոյեկտ էր: Կարելի է ասել նաև, որ նույն այգու շրջանակներում էլ կարող է նման կասկած լինել, որ այգին որպես այդպիսին իշխանական պրոյեկտ էր, որովհետև այգու դիսկուրսը նույնպես մոդելային ձախականության ընդգծված շեշտեր ունի: Բայց, քանի որ այգու հետ կապվածը ոչ միայն այգու ակտիվիստներին էր վերաբերում, այլեւ իշխանությանը եւ ընդդիմությանը, ստեղծված իրավիճակը պարզաբանման կարիք ունի: Նախ, նման ենթադրություն անելու համար պետք է ունենալ բավարար հողեղեն փաստեր, որ ասենք այգու ակտիվիզմը կոռումպացվել է: Մնացած ենթադրություններն ավելի շատ խոհանոցային բնույթ են կրում, ու որպես հրապարակային կարծիք չպետք է իրացվեն: Բոլորի համար առավել քան տեսանելի է, որ այգու ակտիվիզմն իր հիմնական նպատակները ձևակերպել է հենց բուտիկների ապամոնտաժման թիրախով: Այգու կոնսոլիդացիան հենց այդ նպատակով էլ եղել է, իհարկե ընթացքից ձևակերպվել ու ձևակերպվում են այլ իռացիոնալ իմաստներ: Այգու ռացիոնալ նպատակը, այսինքն բուտիկների ապամոնտաժումն ըստ էության ուղղված էր իշխանությանը: Ու այն, որ Սերժ Սարգսյանն այգում է եղել ու նման որոշման մասին է խոսվել, բնավ այգու պարտությունը չէ: Ընդհակառակը, այգու ակտիվիզմը, որպես քաղաքացիական ինստիտուտի կայացման մի իրավիճակ, փաստորեն կարողանում է քաղաքականությունը բերել քաղաքացիականության դաշտ ու փորձել հարցեր լուծել: Ու այն, որ երկրի նախագահի մակարդակով նման քայլ է արվում, պետք է գնահատվի միայն ռացիոնալության սկզբունքներով՝ հայտարարված հիմնական նպատակ, այսինքն ապամոնտաժում, ու ապամոնտաժման պահանջ պետական ինստիտուցիայից: Այլ հարց է, որ սա տեղի է ունենում ասենք ընտրությունների շեմին: Քաղաքական գործընթաց է, ու նախագահն էլ որպես ակտոր ռեյտինգ ապահովելու խնդիր է հետապնդում: Դա է քաղաքականության գրավականը՝ ընդլայնել ու տարածել իշխանությունը, այդ թվում նաև ռեյտինգը: Ասել, որ սա նախընտրական քայլ էր ու դրանից սենսացիա սարքել՝ ուղղակի միամտություն է ու փաստում է քաղաքականությունը ռացիոնալ գնահատականների համակարգում չդիտարկելու մասին: Սերժ Սարգսյանի այդ քայլի հետ կապված այլ մտայնություն կա, որը այգու «իշխանականացման» դավադրապաշտական տեսությամբ զբաղվածների շնորհիվ դուրս է գալիս քննարկման դաշտից: Նախագահը փաստորեն այսպես ասած հարցի ոչ ինստիտուցիոնալ լուծման ուղով է գնում: Գալիս է այգի, դիտարկում անում շատ արագ, հետևապես նաև ոչ պրոֆեսիոնալ աչքով, ու ըստ էության կրկին ներքին լեքսիկոնի մակարդակում Տարոն Մարգարյանին ասվում է, որ սա գեղեցիկ չէ և այլն: Իհարկե, նախագահը նաև շեշտում է իրավականության դերը հարցի լուծման հետ կապված: Բայց ֆորմատն արդեն իսկ ոչ ինստիտուցիոնալ է, ու այստեղ նախագահը փաստորեն թերացել է: Հարցի լուծման հիմնական ձևը փաստորեն նախագահի հեղինակությունն է, ոչ թե ասենք իրավաչափությունը: Միգուցե ավելի արդյունավետ կլիներ ինչ որ ֆորում անել, կամ փորձագիտական խումբ հավաքել: Վերադառնանք հարցին, թե ինչպես է Հայաստանում ձախականության դիսկուրսը մասնավորապես այգու «իշխանականացման» կոնտեքստում իրացվում: Ստացվում է այսպես, որ նպատակը հայտարարվում է ոչ թե ինքդ քո շահերը ձևակերպելու, այլ դիմացինիդ շահերը ժխտելու հիմքով: Այսինքն, եթե իշխանությունը որոշում է բուտիկները ապամոնտաժել, ուրեմն այստեղ աննորմալ ինչ որ բան կա, այն դեպքում, երբ այգու ակտիվիզմը միշտ շեշտել է, որ իր նպատակը հենց ապամոնտաժումն է, ոչ թե համահայկական հեղափոխությունը: Այստեղ շատ կարևոր է մի բան՝ հստակ ձևակերպել այգու նպատակները ու հասկանալ, թե եղածում ինչքան էր դավադրապաշտության տարրը: Նախ, այգին փաստորեն հասավ իր հիմնական նպատակին, այլ հարց է, որ այդ նպատակին հասնելու ճանապարհին եղան բազմաթիվ իրավական թերացումներ իշխանության կողմից, կամ այլ հարց, որ այդ թերացումները եզրափակվեցին Սարգսյանի «հեղինակային» այցով: Բացի այդ, ընթացքում ձևակերպվեցին բազմաթիվ իմաստներ, ընդ որում հարցն այն չէ, որ այդ իմաստները լավը կամ վատն են: Հարցն այն է, որ ըստ էության հեռանկարի գնահատականի մեթոդաբանությունն է փոխվում, որոշումների կայացման դաշտը սկսում է տարածվել ոչ միայն քաղաքականության մակարդակով, այլև քաղաքացիականության: Մյուս կողմից, այն, որ Սերժ Սարգսյանը, թեկուզև ընտրություններին մոտ, քաղաքացիականության-քաղաքականության երկխոսության քայլ է անում, խոսում է այն մասին, որ ոչ միայն այգու հիմնական նպատակն է իրականանում, այլ այն, որ իշխանությունը ևս իր գործունեության հեռանկարը դուրս է բերում դասական իշխանություն-ընդդիմություն ֆորմատից, իշխանություն-փողոց ֆորմատ տեղափոխելով: Վերջինս ևս միանշանակ այգու հիմնական ձեռքբերումներից է: Այս փուլում շատ մեծ հիստերիա է լինելու հատկապես քաղաքական որոշ ուժերի կողմից: Պատճառն այն է, որ նախ, այս ամբողջ ընթացքում որոշ ուժեր փորձեցին մասնակցել այգու խնդրի լուծմանը, իրենց քաղաքական շահը հետապնդել այս ամենում, բայց փաստորեն արդյունքի չհասան: Մյուս կողմից, տեղի է ունենում մի բան, որը սպառնում է ավանդական ընդդիմադիր քաղաքականության հիմնական ստրատեգիան քանդել: Փողոցը, սոցիումը սկսում է իշխանությանը ներկայանալ, ու իր շահերը ձևակերպել ոչ թե քաղաքական ուժի կամ դասական ծիսական միտինգի, այլ քաղաքացիական ակցիայի մակարդակով: Սա նշանակում է, որ ընդդիմությունը կորցնում է իր հիմնական մեթոդական զենքերից մեկը՝ փողոցը, այն զիջելով քաղաքացիականությանը: Ինչեւէ, կարելի է մի քանի եզրահանգում անել արդեն հիմա: Այգու ռացիոնալ նպատակը՝ բուտիկների ապամոնտաժումը, ըստ էության իրականանում է: Քաղաքացիականությունը փաստորեն կարողանում է նպատակներ ձևակերպել ու իրացնել այդ նպատակները: Փողոցի իշխանությունը անցնում է քաղաքացիական հասարակության ձեռքը, ու ընդդիմությանը զրկում իր հիմնական զենքերից մեկից, ըստ էության նույն ընդդիմությանը ու քաղաքական դաշտին ընդհանրապես ՝ արդիականացման սուր մարտահրավեր նետելով: Իշխանությունը հանձինս Սերժ Սարգսյանի ցույց է տալիս, որ որպես այդպիսին ճանաչում է այգու ակտիվիզմը ու հաշվի է նստում դրա հետ, ինչը օրինակ չէր արվում ընդդիմության հանդեպ բավական երկար: Իշխանությունը սկսում է ճանաչել «փողոցը»՝ քաղաքացիական հասարակության, բայց ոչ ընդդիմության մակարդակով: Վերջինի հիմնական պատասխանատուներից մեկն, ընդ որում, ընդդիմադիր էլիտան է: Լեւոն Մարգարյան

No comments: