Friday, May 11, 2012

Իսկ Քոչարյանը հավատացե՞լ էր

«Լրագիր» 10-5-2012- Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ակնհայտորեն դժգոհ է մայիսի 6-ի ընտրության արդյունքից: Թվում էր, որ նախորդ ընտրության համեմատ իր ձայները զգալիորեն ավելացրած կուսակցությունը դժգոհելու բան չպետք է ունենար: ԲՀԿ-ի ձայներն այս անգամ չեն նվազեցրել, ինչպես նախորդ՝ 2007 թ. ընտրությանը, երբ 200 հազար ձայն ԲՀԿ-ից վերցվեց եւ վերագրվեց ՀՀԿ-ին: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ԲՀԿ-ն շատ քիչ ընտրատեղամասերում է վերահաշվարկ պահանջել: Ի՞նչն է ուրեմն դժգոհության պատճառը: Արդյոք ԲՀԿ-ն «խամ» էր իր ավագ գործընկերոջ գործելաոճից, թե՞ պատճառն այն է, որ ի տարբերություն 2007 թ.՝ ՀՀԿ-ն ոչ թե ԲՀԿ-ից է ձայներ վերցրել, այլ «օդից»: Արդյոք ԲՀԿ-ում ակնկալում էին, որ ՀՀԿ-ն, ձեռք չտալով ԲՀԿ ձայներին, կբավարարվի ընդամենն այնքանով, որքան կստանար «աննախադեպ» ընտրությանը: Մանավանդ որ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այս ընտրությունը չի դիտարկում որպես իշխանությունն ամեն գնով պահելու միջոց: ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանն ասում էր, որ այս ընտրությունը փաստացի վարչապետի ընտրություն է: Թերեւս, նկատի էր առնվում այն, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն խորհրդարանում կունենան մոտավորապես հավասար տեղեր, եւ ԲՀԿ-ն կարող էր հավակնել ոչ միայն վարչապետի պաշտոնին, այլեւ հավասար գործընկերոջ կարգավիճակի: Սակայն ՀՀԿ-ն արդյունքում ունի այնքան տեղ, որ կրկին կարող է հաստատել իր քաղաքական մենաշնորհը, որի դեմ պայքարի էին ելել ԲՀԿ-ն ՀՅԴ-ի եւ Կոնգրեսի հետ միասին: Այսինքն, վերցնի պետության բոլոր առանցքային պաշտոնները: Այս իրավիճակում հասկանալի է դառնում ԲՀԿ դժգոհության պարագան: Ստանալով առավելագույն, իրական քվե, այս կուսակցության դիրքերը ներկայում փաստացի ավելի խոցելի են, քան նույնիսկ 2007 թվականին, երբ նրանից խլվեց քվեների կեսը: Այն ժամանակ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, որի հովանու ներքո ԲՀԿ-ն պահպանվեց եւ զորացավ, ինտեգրվելով պետական կառավարման համակարգին: Ներկայում համակարգը փաստացի չունի ԲՀԿ-ի կարիքը, իսկ Քոչարյանի գործոնն էլ այս ընտրության արդյունքում զգալիորեն թուլացավ այն առումով, թե ինչ դիրքերից է նա հարաբերվելու Սերժ Սարգսյանի հետ:

No comments: