Wednesday, May 30, 2012

Կեսարիայի միակ հային կոմունիստները չեն թողել գալ Հայաստան. ֆոտոռեպորտաժ Կայսերիից

News.am. 30-5-2012- Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում, որտեղ ժամանակին մեծ թվով հայեր են ապրել, այսօր ընդամենը 4 հայ է ապրում, ովքեր համարձակվում են բարձրաձայնել իրենց ինքնության մասին: Այս հայերի մեջ յուրահատուկ կերպար է իրեն Կայսերիի միակ մաքուր հայը համարող Սարգիս Թեքյանը: «Աջակցություն հայ-թուրքական հարաբերություններին» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից եւ ֆինանսավորվում է USAID-ի կողմից, հայ եւ թուրք լրագրողների խումբը Կայսերիում այցելեց Սարգիսի տուն: Ինչպես Կայսերիից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Սարգիսը Թեքյանը կրկնակի երջանիկ էր՝ հանդիպել հայ լրագրողների հետ հենց այդ օրը, քանի որ նշում էր իր ծննդյան 55-ամյակը: Սարգիսը ոգեւորությամբ եւ ժպիտով բոլորին հրավիրում է տուն՝ նույնիսկ հայ եւ թուրք լրագրողների անվտանգությունն ապահովող թուրք ոստիկաններին: Սարգիսը Կայսերիում մենակ է ապրում, սակայն տան թե առջեւի մասը, թե բակն աչքի են ընկնում կոկիկությամբ եւ մաքրությամբ: Սարգիսը նշում է, որ ինքը երբեք չի թաքցրել իր ինքնությունը ոչ մի իրավիճակում, նույնիսկ երբ բանտում է գտնվել: Ավելին, իր ինքնության մասին հպարտ եւ խիզախորեն արտահայտվող Սարգիսը ձախ թեւի վրա իր անունն էր դաջել՝ Sarkis: «Դեռեւս Խորհրդային միության ժամանակ ուզում էի գալ Հայաստան, սակայն սահմանից ինձ կոմունիստները հետ ուղարկեցին: Գիտեմ, որ հայերը նամուսով, թասիբով ու ճիշտը ասող ազգ են: Հայերեն գրեթե չգիտեմ, բայց «Հայր մերը» գիտեմ»,-ասում է Սարգիսը՝ հայ լրագրողների մոտ բարձրաձայն արտասանելով «Հայր մերը»: Տան բակում, պատերին կան թերթերի էջեր, որտեղ ներկայացված են Սարգիսի մասին հոդվածներ: Երբ հետաքրքրվեցինք, թե ուզում ենք տեսնել հայազգի մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի տունը, նա հպարտորեն ասաց, որ Գյուլբենկյանն իր բարեկամներից է՝ իր պապի զարմիկը: Չվախենալով հայ եւ թուրք լրագրողների կողքին գտնվող ոստիկաններից, որոնց ինքը հրավիրել էր տուն՝ Սարգիսը պատմում է, որ Կայսերիի հայկական Թալաս թաղամասում, որտեղ որ եւ գտնվում է իր տունը, 1915-ին Գերմանիայի աջակցությամբ երիտթուրքերը մեծ կոտորած են կազմակերպել, պայթեցրել եւ ավերել հայկական դպրոցներն ու եկեղեցիները: Հետաքրքիր եւ ուրախ հանդիպումից հետո Սարգիսը հայ եւ թուրք լրագրողներին ճանապարհեց մինչեւ ավտոբուս, որտեղ հուզված պահանջեց, որ առիթի դեպքում կրկին իրեն այցելեն: «Իհարկե, մեծ սիրով»,-ոգեւորված նման հանդիպումից ասացին խմբի անդամները՝ եւ արդեն շարժվող ավտոբուսի պատուհանից թափահարեցին ձեռքերը:

No comments: