Friday, June 8, 2012

Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի զոհերի կապակցությամբ

Panorama.am. 7-6-2012- Ռուսաստանի արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին շփման գծում զինծառայողների սպանության առնչությամբ: Այս մասին, «Վեստի 24» հեռուստաընկերության հաղորդմամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Անընդունելի ենք համարում հակամարտության հետագա լարվածությունը և շարունակելու ենք հակամարտության խաղաղ լուծման գործում կողմերին աջակցություն ցուցաբերել», - ասել է Լուկաշևիչը: Վերջինիս խոսքերով, Ռուսաստանը հույս ունի, որ հունիսի 18-ին ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպումը կթուլացնի իրավիճակի լարվածությունը և կօգնի առաջ ընթանալ ԼՂ հակամարտության լուծման հարցում: Լուկաշևիչը նշել է, թե կողմերը պետք է հավատարիմ մնան 1994 թ-ին կնքված հրադադարի ռեժիմին, և որ արձանագրված միջադեպերը բերում են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման և էլ ավելի են բարդացնում բանակցային գործընթացը: «Կոչ ենք անում կողմերին շարունակել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն միտված ջանքերը՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: ՌԴ պաշտոնյան կիսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տեսակետն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության խաղաղ կարգավորման համար բազային էլեմենտ է մնում:

No comments: