Tuesday, June 26, 2012

Երբ իշխանությունը նաեւ ընդդիմություն է

«Լրագիր» 26-6-2012- ՆԱՏՕ-ի դիվանագետները փորձում էին հասկանալ՝ արդյոք Հայաստանում կա ընդդիմություն, որը կկարողանար հակակշռել իշխանություններին, միաժամանակ վեկտորները դեպի արևմուտք ուղղելով: Դեռևս 2008-ից սկսած ու դրանից շատ առաջ՝ վրացական վարդերի, ուկրաինական նարնջագույն հեղափոխություններից հետո, Հայաստանի հետ կապված կար մի հարց՝ արդյոք Արևմուտքը պատրաստ է, կարող է կազմակերպել նմանատիպ «պրոյեկտ» նաև Հայաստանում: Այն, որ Արևմուտքը պատրաստ է, ու կարող է կազմակերպել նման բան, թերևս ոչ ոք չի կասկածում: Բայց այդ ամենի համար Հայաստանում պետք է ունենալ ընդդիմություն, որն ինքը պատրաստ կլինի գոնե համագործակցության առաջարկ ընդունել: Այս քննարկումների ակտիվացման համար իրատեսական հիմք էր 2008 թվականի ընդդիմադիր ակտիվությունը՝ թե մարտի մեկից առաջ, թե մարտի մեկից հետո: ՆԱՏՕ-ի դիվանագետները նաեւ փորձում էին հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանում Արևմուտքի հետ հարաբերությունների կառուցման մասին փոքրաթիվ ուղերձները գալիս են վարչապետից, նախագահից, այսինքն մարդկանցից, որոնք ըստ էության ռուսական քաղաքական ազդեցության ակտորներ են համարվում: Թերևս ՆԱՏՕ-ի դիվանագետները բոլորից լավ գիտեն այդ հարցերի նաև ներքին պատասխանները: Բայց բարձրացված հարցն իրոք առեղծվածային է ու մտածելու տեղիք է տալիս: Հայաստանում փաստորեն կար բավական զորեղ ընդդիմադիր ուժ, որը նաև սոցիալական աջակցություն ուներ, որի շարքերում մինչ այժմ ակտիվորեն քննարկվում ու շրջանառվում է արևմտյան հեղափոխական դիսկուրսը: Բայց ընդդիմությունը բազմիցս լիդերի մակարդակով արևմտամետ լինելու մասին խոսակցությունները կտրականապես ժխտում էր: Ավելին, արդեն մի քանի տարի անց, փաստորեն ձևավորվում է հեռահար ու ասիմետրիկ մի տանդեմ ՝ ՀԱԿ-ԲՀԿ: Մյուս կողմից, Հայաստանում մարտի մեկից հետո իշխանության եկած Սերժ Սարգսյանը սկսում է խոսել այպես ասած «արևմտյան արդիականացման» կոնտեքստում, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ քաղաքականություն է տանում: Միաժամանակ, վարչապետը բավական ինտենսիվ խոսում է արևմտականացման, հայացքը Եվրոպա ուղղելու մասին: Հասկանալի է ՆԱՏՕ-ականների զարմացած հարցը, որովհետև իրավիճակն իրոք «խառն» է: Գուցե խնդիրն այն է, որ Եվրոպան Հայաստանի իշխանություններին տվեց լեգիտիմության որոշակի չափաբաժին, փոխարենը համագործակցության առաջարկ/պահանջ անելով Հայաստանին: Մարտի մեկով Ռուսաստանը կորցրեց իր հիմնական ակտորներից մեկին՝ Ռոբերտ Քոչարյանին, որն իրերի հաջող դասավորության դեպքում պետք է որ ներկայացված լիներ Հայաստանի իշխանության մարմիններում: Այս պարագայում Եվրոպայի հետ դաշնակցելը, կամ վարչապետի բառերով ասած «հայացքը Եվրոպա ուղղելը» իրականություն կարող էր դառնալ: Ընդ որում, հետագայում կազմակերպված ֆուտբոլային դիվանագիտությունը, անկախ արդյունքերից, ոչ լեգիտիմ նախագահի համար ապահովեց հեղինակության աճ արտաքին ասպարեզում, ինչը նույնպես արևմտյան դիսկուրսներում բացահայտ ասում են: Այժմ ստացվել է այնպես, որ 2008-ից հետո դասավորված հարաբերությունները շարունակվում են, Հայաստանը իշխանությունների մակարդակով առնվազն երկակի խաղ է տանում, թե արևմտյան աշխարհի, թե ՌԴ հետ: Բայց խնդիրը թերևս ոչ այնքան այստեղ է, որքան ընդդիմության դաշտում: Վերադառնալով ամենասկզբին՝ կա արդյոք Հայաստանում ընդդիմություն, որը կկարողանա հակակշռել իշխանությանը, ընդ որում վեկտորները ուղղելով արևմուտք: Եվ այս հարցից բխող մյուս հարցը՝ ի՞նչ կարող է տալ նման ընդդիմությունը Հայաստանին: Հայաստանում նման ընդդիմություն կա. խոսքը Ազատ դեմոկրատների մասին է: Ավելի լայն հեռանկարում այստեղ կարելի է ներգրավել նաև Ժառանգությանը, ինչպես նաև ՀԱԿ-ից դուրս եկած այն քաղգործիչներին, ովքեր միաբերան հայտարարում էին, որ դուրս են եկել ՀԱԿ-ից արտաքին քաղաքականության հետ անհամաձայնություն ունենալու պատճառով: Խոսքն այն մասին էր, որ Տեր-Պետրոսյանը անընդհատ հետ էր մղում ՀԱԿ-ին վերագրվող «արևմտական» ձևակերպումները, ավելին, իր ցուցակի առաջապահ դիքերում պահում էր Պուտինին աջակցող քաղգործչի: Ընտրություններից առաջ, ու դրանից հետո սակայն թե Ժառանգության, թե Ազատ դեմոկրատների, թե արևմտամետ դիրքորոշում ունեցող այլ գործիչների կողմից բավական ջանասիրություն չցուցաբերվեց, ինչի արդյունքում արևմտամետ դիսկուրսն ըստ էության Հայաստանում մարեց, դեռևս չսկսված: Բացի այդ, նշված ուժերը խորհրդարանում ապահովեցին փոքր ներկայություն: Փաստացի, քննարկումը կրկին մնում է իշխանության դաշտում, ու արդյունքում հայաստանյան իշխանությունները դառնալու են դիսկուրս թելադրող միակ կենտրոնը: Այս պարագայում Արևմուտքի առաջ հայաստանյան քաղաքական դաշտը բացելու, ու Հայաստանի հետ հարաբերություններում որոշակիություն մտցնելու առումով խնդիրը դառնում է երկրում արևմտամետ ընդդիմադիր դիսկուրսի կառուցումը, ոչ թե արևմուտքի պրոպագանդայով զբաղվելու, այլ քաղաքական դաշտում իշխանության առաջարկած արտաքին քաղաքական վեկտորներին զուգահեռ ընտրության հնարավորություն ստեղծելու համար: Սա էլ թերևս Հայաստանի զարգացման հեռանկարներից է, քանի որ արևմուտքի համար իրապես անհասկանալի է միաժամանակ և ռուսամետ, և արևմտամետ իշխանական էլիտա տեսնելը Հայաստանում, այն էլ արտաքին քաղաքականության մասին գրեթե ոչինչ չասող ընդդիմադիր ուժերի պարագայում: Արդյունքում կարող է ստացվել, որ Հայաստանում իշխանությունները կատարում են նաև ընդդիմության աշխատանքը: Լեւոն Մարգարյան, Բրյուսել-Երեւան

No comments: